Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական դաշտում չպետք է լինեն թայֆաներ…մենք պետք է գործադրենք մեր ողջ քաղաքական ուժը, որպեսզի այդ թայֆաներին վերացնենք». Ուլիխանյան

Սեպտեմբեր 18,2020 16:09

«Քաղաքական համակարգում պետք է լինեն միայն քաղաքական ուժեր, չպետք է լինեն թայֆաներ: Իսկ եթե լինեն թայֆաներ, մենք պետք է գործադրենք մեր ողջ քաղաքական ուժը, որպեսզի այդ թայֆաներին վերացնենք: Այսինքն, կրավորական կեցվածք հաստատ չենք դրսեւորելու եւ եթե պետք է բարդ որոշումներ կայացնել, մենք այդ որոշումից չենք խուսափելու, կկայացնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Մենք ճշտեցինք՝ բա ո՞նց եք որոշելու՝ ո՞րն է գաղափարական քաղաքական կուսակցություն, որ թողնեք եւ որոնք են թայֆայական խմբերը, որոնց պետք է վերացնեք՝ նա պատասխանեց. «Մենք հստակ մեր առջեւ նպատակ չենք դրել այդպիսի գնահատումներ անելու համար: Դա պարզ կլինի հասարակությանը, քաղաքական ուժերին»:

Ըստ Ուլիխանյանի, այն պնդումները, թե այս իշխանությունը բռնատիրական է, հիմնազուրկ են. «Պարոն Մարուքյանը հավանաբար ճիշտ չի հասկացել իմ ասածը: Ես դրանով ուզում էի շեշտել, որ այսօր քաղաքական իշխանության ուժը կբավականացնի այդպիսի գործողություններ անելուն, եւ այո, մենք դա չենք անում եւ չպետք է մեր քաղաքական թիմի վերաբերյալ այլ եզրակացություններ անելու տեղիք տալ: Մենք որեւէ կերպ նպատակ չունենք քաղաքական ուժեր ոչնչացնել: Ընդհակառակը, մեր բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ քաղաքական համակարգը առողջանա»:

Հարցին՝ ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ դուք փաստարկների լեզվով չեք հակադարձում իրենց, անցնում եք անձնական դաշտ եւ գոտկատեղից ներքեւ հարված եք հասցնում իրենց, ինչպե՞ս կարձագանքեք՝ Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց. «Ես ըստ էության մի քիչ համաձայն եմ այդ դիսկուրսի հետ, որ մենք հակափաստարկ չենք ներկայացնում, իրենք փաստարկ չեն ներկայացնում, որ մենք հակափաստարկ ներկայացնենք… Կեղծիքին եւ ստին ի՞նչ հակափաստարկ ներկայացնենք ամբիոնից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել