Ֆրանսիայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել:
Ձերբակալվել էին կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ։
Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:
Սեպտեմբերի 17-ին կայացել է այդ գործով դատական առաջին նիստը։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Բուրկ ան Բրեսի դատախազության կողմից Չեթինի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 6 ամսվա պայմանական ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկվելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացվել։
Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները։
Նշենք, որ Չեթինը սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասել էր․ «Թուրքիայի կառավարությունը թող ինձ ամսական 2․000 եվրո և զենք տրամադրի, ես էլ Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։
Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ մոտ 500 ֆրանսիահայեր հուլիսի 24-ին խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Թուրքական աջակողմյան, ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն հարձակումը կանխվել էր ֆրանսիական ոստիկանության միջամտության արդյունքում։