Գործող օրենքով՝ եթե Ադրբեջանի գործողությունների, այդ թվում՝ հրետակոծությունների հետեւանքով ամբողջությամբ վնասվել է սահմանամերձ համայնքի բնակչի տունը, ապա պետությունը նոր տուն է ձեռքբերում, իսկ նոր օրենսդրական կարգավորմամբ՝ եթե տունը վերականգնել հնարավոր չէ, պետությունը կպարտավորվի բնակչին տնով ապահովել՝ անկախ տան կրած վնասի չափից. պետությունը կփոխհատուցի նաեւ հակառակորդի գործողությունների հետեւանքով ընտանի կենդանիների կորուստը: Այսպես է սահմանում «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որն այսօր ԱԺ նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ:
«2015թ.-ից գործող այս օրենքի ժամկետն ավարտվում է մի քանի ամսից, ուստի առաջարկում ենք գործողության ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով, ինչի շնորհիվ պետությունը եւս երեք տարի կփոխհատուցի սահմանամերձ բնակիչների էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ գազի վճարը կիսով չափ: Հողի եւ գույքի հարկն ամբողջությամբ կփոխհատուցվի: Առաջարկում ենք որպես նորություն՝ 4-12-րդ դասարանների աշակերտների համար դասագրքերը տրամադրվեն անվճար: Եթե Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով բնակիչները կվիրավորվեն, բուժօգնությունը կլինի անվճար, իսկ կախված վնասվածքի աստիճանից՝ կտրամադրվի մինչեւ երեք միլիոն դրամ գումար: Զոհ ունենալու դեպքում ընտանիքի անդամներին հինգ միլիոն դրամ կտրամադրվի»,-տեղեկացրեց Սիսակ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ այս փոփոխությունների միտքը ծագել է ոչ թե Տավուշի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված էսկալացիայից հետո, այլ՝ դեռեւս ձմռանը:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ