Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Մուրադյան․ «Խաղողագործները պետք է գինեգործներին ընդառաջ գնան, մթերման գնին համաձայնեն»

Սեպտեմբեր 18,2020 15:25

Խաղողագործներն էլ պետք է ընդառաջ գնան գինեգործներին՝ համաձայնեն խաղողը հանձնել այն գնով, որը տնտեսվարողն առաջարկում է։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Արարատի եւ Արմավիրի մարզերի մի քանի գյուղերի խաղողագործներ բողոքի ցույցեր են անում, նրանք դժգոհ են խաղողի մթերման այս տարվա գներից, ասում են՝ այս տարի մթերում են 135 դրամով, անցյալ տարի՝ 150-165 դրամ էր։

Զարուհի Մուրադյանն ասաց, որ այս տարվա մարտ-հուլիս ամիսներին գրեթե 60%-ով գինու սպառումը նվազել է, հուլիսից մինչ օրս մի փոքր ակտիվացել է գինու վաճառքը․ «Մառանները լի են գինիներով, ցավոք բերքահավաքն էլ սկսվել է, եւ քանի որ մառանները լի են, գինեգործները մթերելու են այն չափով, որքան սպառում են։ Բայց նաեւ կփորձեն որպես աջակցություն մի փոքր ավելին մթերել։ Գինեգործներն ունեն չսպառված արտադրանք, ուստի խաղողագործներն էլ պիտի ընդառաջ քայլ անեն, քանի որ այդ տնտեսավարողները գրեթե բոլորն ընդառաջ են գնում՝ մթերում են»։

Տիկին Մուրադյանը հորդորեց խաղողագործներին մթերման գնի հետ համաձայնել։ Հիմնադրամի տնօրենը խաղողի արտադրության ինքնարժեքը ներկայացրեց՝ 70-90 դրամ է․ «135 դրամով են մթերում, խաղողագործներն ասում են՝ հինգ դրամ է շահույթը։ Մթերողները, կապված խաղողի որակից` 145-150 դրամով են մթերում։ Գինեգործներն էլ փորձում են մթերել այնպիսի գնով, որպեսզի կարողանան հետագայում մրցունակ գնով արտադրել»։

Ըստ տիկին Մուրադյանի, անցյալ տարի արտադրվել էր 12 միլիոն 676 հազար լիտր գինի, սովորաբար 30%-ն արտահանվում էր, 60%-ը սպառվում էր ներքին շուկայում, իսկ 10%-ը որպես ռեզերվային գինի մառաններում էին մնում․ «Արտահանումը 20%-ով նվազել է, ներքին շուկայում սպառումը նույնպես նվազել է»։

Անդրադառնալով ՌԴ-ում գինիների մակնշման նոր պահանջին, ըստ որի` գինի է համարվում միայն խաղողի հումքով արտադրվածը, ինչը մեր մրգային գինիների սպառմանը վնասելու է, տիկին Մուրադյանն ասաց՝ այդ օրենքը հակասում է ԵԱՏՄ սահմանված օրենքին․ «Մրգային գինիները առանձին տաղավարում են ցուցադրվելու, որտեղ գրված է լինելու՝ գինի չի հանդիսանում, ինչը սպառողին շփոթեցնում է։ Երբ գնորդը նման գրություն է տեսնում՝ նա արդեն պիտակի վրայի գրածն էլ չի կարդա։ Բացի այդ, նման դեպքում, ներմուծողներն էլ խնդիր ունեն, շատ խոշոր ընկերություններ հրաժարվում են մրգային գինիներ գնել։ Մենք վերականգնել ենք մեր ավանդական տեխնոլոգիան, կախանի մեթոդը, գինին պատրաստում են գրեթե չամչացած խաղողից, իսկ իրենց օրենքով գրված է, որ դա էլ չի համարվում գինի, անկախ նրանից, որ ամբողջ հումքը խաղողից է»։

Հիմնադրամի տնօրենը վստահեցրեց՝ այս խնդիրը լուծելու ուղղությամբ ՌԴ-ում եւ ԵԱՏՄ-ում քննարկումներ են անում, առայժմ որեւէ արդյունք չկա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930