«Կատակով բան ասեմ. երեկ մի ընկեր ունեմ, զանգել է, ասում է՝ դու ոնց որ դետոնատոր (պայթուցիկ) լինես, մի բան նախաձեռնում ես՝ գմփում է»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր այսպես պատասխանեց լրագրողների դիտարկմանը՝ դուք պահանջեցիք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, կռիվն ընկավ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» դուռը:
Նա ասաց, որ իրենք Արայիկ Հարությունյանի հարցապնդումը հունիսին են կազմակերպել, դա շատ անատամ գործիք է, որովհետեւ նախկին իշխանության օրոք է ստեղծվել, բայց նոր իշխանություններն էլ չեն ուզում այն ուժեղացնել, ձեռնտու է սա:
Ըստ Մարուքյանի, ամենաշատ դժգոհությունը կա Արայիկ Հարությունյանից, դրա համար են անվստահություն հայտնել հենց նրան:
Մեր հարցին՝ ընդդիմությունը բողոքում է, որ իշխանությունները պետական ողջ ապարանը «խոդի են տվել» իրենց դեմ, իշխանական պատգամավորը հարցազրույցում ասում է, որ եթե դա անեինք, կուսակցության կլոր կնիքը մի ժամվա ընթացքում կլիներ մեր ձեռքին, դուք, որպես ընդդիմություն՝ ինչպե՞ս եք ձեզ զգում այս քաղաքական դաշտում եւ ձեր կուսակցության կնիքը ինչպես հարկն է պաշտպանվա՞ծ է, որովհետեւ խոսքն այդ դեպքում ԲՀԿ-ի մասին էր՝ Մարուքյանը պատասխանեց. «Նման հայտարարություն անելը դատապարտելի է: Դա նշանակում է, որ իշխանությունն ասում է՝ կարող էինք բռնատիրական ռեժիմով աշխատել, ունենք դրա պոտենցիալը, բայց դա չենք անում: Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ խոսքի ազատությունը չենք սահմանափակել, այսինքն, կարայինք սահմանափակեինք՝ չենք արել: Հիմա սա էլ նույն պատմությունն է: Ո՞նց կարող էին պետական ապարատը «խոդ տալ» որեւէ ընդդիմադիր ուժի դեմ, դա ապօրինություն է: Մարդիկ գլուխ են գովում, որ կարան ապօրինություն անեն»:
Կարդացեք նաև
Մարուքյանը խոսեց իշխանությունների պահվածքի մասին. «Հարց ենք տալիս, վարչապետը սեպտեմբերին Նյու Յորքից Փարիզ էր թռնում, ինչո՞ւ էր իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք, մի հատ արաղ քիչ խմեք, փողը տնտեսեք: Իրենց ասում ենք՝ ինչքա՞ն փող եք տնտեսել, ասում են՝ պետական գաղտնիք է: Հետ ենք գնում, որ «Լուսավոր Հայաստանը» բերել է նախագիծ, որով այդ պետական գաղտնիքը ապագաղտնազերծվելու էր, դա դառնար բաց ու թափանցիկ: Դա եղել է նախկին իշխանությունների կողմից, այս իշխանությունը մեզ հետ միասին դա քննադատել է, բայց հետո եկել է իշխանության ու նույն նախագիծը իրենք մերժել են: Հիմա ինքնաթիռի հարցը չի կարող պետական գաղտնիք լինել: Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում, պետք է ինքը ամենաժուժկալը լինի, հեղափոխական իշխանությունը պետք է ճգնավորի պես աշխատի ու ճգնավորի պես ապրի, բայց դա չենք տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ