«Ես հասկանում եմ մարդկանց վիճակը, լինում եմ շրջաններում, գյուղերում, հանդիպում եմ մարդկանց հետ: Մարդիկ լացում են: Մարդը դեղի փող չունի երեխայի համար, փող չունի երեխային դպրոց ուղարկելու համար, փող չունենալու պատճառով հոսանքն են անջատել: Սիրտս ցավում է:
Ասում են՝ Ծառուկյանն ասաց՝ սով է լինելու, բայց հիմա սով չի: Այ, ձեր ցավը տանեմ, սովը էլ ո՞նց է լինում: Ժողովուրդ, էսօրվա ձեր վիճակը ո՞նց է»,-հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանը: «Վատ, շատ վատ»,- եղավ արձագանքը:
«Դե ես էլ ուզում եմ, որ այսօրվա իշխանավորները մի հատ նեղություն քաշեն, դուրս գան մարզ, գյուղ ու ժողովրդին ասեն, թե ձմեռը ոնց են անցկացնելու»,- ասաց ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանը կրկին խոսեց նաեւ ավելացած արտաքին պարտքի, տնտեսական ճգնաժամի ժամանակ մարդկանց խնդիրների, օրեցօր բարձրացվող հարկերի ու թանկացումների մասին, նշեց, որ այդ բոլոր հարցերը լուծելու համար ինքը իշխանությանը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել եւ վստահեցրեց, որ իր հասցեին հնչող բամբասանքների ու շանտաժի առջեւ տեղի չի տալու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ