Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին գործարանի հարցով սուտ հանելը Մարուքյանի վրա ծանր է նստել. «Այս անմակարդակ պահվածքից ուղղակի արդեն հոգնել ենք, էլ ներվեր չի մնացել»

Սեպտեմբեր 18,2020 14:20

Վարչապետը հայտարարել էր, որ Վանաձորում չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը, որը հետո փակվել է, մինչդեռ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ վարչապետն այդ գործարանի բացմանը անձամբ փորձարկում է արտադրվող մեքենան։

Այսօր այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն թիրախ են դարձրել. «2017-ին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան, նույնը հայտարարվել է նաեւ 2018-ին, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Մեր քաղաքի համար դա մոտավորապես կարող է Քիմպրոմի էֆեկտը տալ: Բոլորս ուրախացել ենք, սպասել ենք ներդրմանը: Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը, որի վերաբերյալ բազմաթիվ ռեպորտաժներ կան: Մեր պատգամավորը հարցնում է՝ բա ի՞նչ եղավ: Վարչապետը չի հիշում, որի մեջ էլի ահավոր բան չկա: Դե հիմա չի հիշում՝ հիշեցնում ենք, որ հեսա, պարոն վարչապետ, ոչ միայն եղել եք, այլ նաեւ մեքենան եք փորձարկել»:

Դրանից հետո, Մարուքյանն ասաց, որ իշխանական ԶԼՄ-ն՝ վարչապետին պատկանող, գնացել է Վանաձոր, ասուլիս են կազմակերպել ու ողջ ասուլիսի ընթացքում վիրավորել իրենց ու ԼՀԿ պատգամավորներին. «Էդմոնիկ, Արմենիկ, Էդիկ… վիրավորական բաներ: Պարզ է, որ ես կամ կինս, իմ ընտանիքից որեւէ մեկը չունենք մեր ԶԼՄ-ն, որ ինչ-որ տեղ ուղարկենք, ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք, որ ունենայինք էլ՝ չէինք անի: Այս անմակարդակ պահվածքից ուղղակի արդեն հոգնել ենք էլ ներվեր չի մնացել»:

Իսկ թե ինչ է եղել գործարանի ճակատագիրը, Մարուքյանն ասաց. «Սկզբում խոսք են տվել 80 աշխատատեղ, հետո՝ 300-400, բայց գործարանը մինչեւ այսօր ունի 7 աշխատող, տնօրենին, պահակին, հաշվապահին եթե հանենք մնում է 4 մարդ՝ բալոն արտադրող: Հիմա հարց ենք տալիս, որը ժողովրդին ներկայացվել է՝ որպես նոր ձեռքբերում: Դա ի՞նչ է, որ դրա դիմաց պատվիրվում է հակաքարոզչություն: Դրան գումարած իրենց սպասարկող youtube-յան ալիքներով վիրավորանքներով մեզ դարձրել են հարձակման թիրախ: Հարց ենք տվել՝ պատկերացնո՞ւմ եք, ինչ անհանդուրժող են: Բազմաթիվ մտավորականներ ինձ ասում են՝ այ ցավդ տանեմ, բան չենք ուզում խոսանք, որովհետեւ այնպիսի հարձակման ենք ենթարկվում…Սա էլ այդ մեթոդներից է, որ մարդկանց բերանները փակեն: Բերանները չե՛ն փակվելու, հարցերն անընդհատ լինելու են»:

Այս գործարանի իրավիճակը Մարուքյանին ու իրենց պատգամավորներին հիշեցրել է նախկին իշխանություններին. «Վանաձորի քիմպրոմում կարմիր թելը կտրում էին, ինչ-որ անվադողեր էին այրում, ծուխ էր լինում, մարդիկ ուրախանում էին, որ հեսա կբացվի, ընտրությունները լինում էին, ընտրում էին, նորից փակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930