Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը կողքներիս կանգնած գիշեր-ցերեկ աշխատել է. եկեք, տեսեք, որ աշխատում ենք». հայ-իրանական ընկերության տնօրեն. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 18,2020 12:34

«Rad Sane Vashamir» հայ-իրանական ընկերության տնօրեն Արայիկ Ասրյանը պնդում է՝ Հայաստանը այն երկիրն է, որտեղ իշխանությունն իրեն օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում: Այս մասին այսօր գործարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արայիկ Ասրյանը՝ նախ ներկայացնելով, թե աշխատանքային ինչ փուլում է գտնվում գործարանը, ինչ խնդիրների են բախվել բացման օրվանից մինչ օրս, ու ինչու են աշխատանքները դանդաղում: Տնօրենն անդրադարձավ նաեւ նախօրեին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է պատահել, որ վարչապետը մասնակցել է մի շարք գործարանների բացման արարողությանը, այդ թվում՝ գազաբալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական ընկերության, սակայն դրանք կա՛մ չեն աշխատում, կա՛մ վնասով են աշխատում:

Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին, որ գործարանը չի աշխատում՝ Արայիկ Ասրյանն ասաց. «Ես աշխարհի տասնյակ երկրներում եղել եմ, տասնյակ երկրների ղեկավարների հետ հանդիպել եմ, այստեղ միակ դեպքն է, որտեղ իշխանությունն ինձ օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում, բայց մյուս երկրներում նման բան չկա, իշխանությունը խանգարում է, ընդդիմությունը՝ օգնում: Եղիազարյան Արմեն կամ Մարուքյան Էդիկ, ով ես, ինչ ես, մի օր եկեք ստեղ, 20 հատ բալոն դնեմ դեմներդ, տեսեք, որ աշխատում ենք, տո դու ով ես քեզանով, Էդո ես, Պետո ես, ինչ ես… Եթե այդ մարդը մտել է իմ տուն, ու սա իմ տունն է, ու իմ տան մասին ստահոդ լուրեր է տարածում… Երբ որ ես, չլինելով վանաձորցի, Վանաձորում եմ, 100 մարդ գալիս տեսնում է, որ գործարանը աշխատում է, ինքը, լինելով  վանաձորցի, կամ Արմեն Եղիազարյանը, թող դուռը բացեն, ասեն՝ Արայի՛կ ջան, թողել ես քո տուն-տեղը Ռուսաստանում, եկել ես իմ քաղաքում՝ քարը քարին դնես, մի 20 ընտանիք պահես, քեզ ինչով օգնեմ, ես այդ դեպքում կհասկանայի, որ կա ընդդիմություն, ինչ ընդդիմության մասին է խոսքը, թող այս ընդդիմությունը չգիտեմ՝ ում ոտքերը լվա, ջուրը խմի, որ էս երկիրը ստրկությունից ազատել են: Ես նորից եմ կրկնում՝ իշխանությունը կողքներիս կանգնած գիշեր-ցերեկ աշխատել է, որ մենք կարենանք առանց խոչընդոտի ռազմական նշանակության մեքենաները ներմուծենք Հայաստան՝ որպես տնտեսական նշանակություն, մինչեւ գիշերվա 2-ը ՊԵԿ-ը, պարետ Ավինյանի աշխատակազմը այստեղ են եղել…»,- ասաց Արայիկ Ասրյանը՝ նշելով, որ մայիսի 30-ին ինքը պատասխանել է Արմեն Եղիազարյանի նամակին՝ առաջարկելով գալ ու տեսնել, թե ինչպես է աշխատում գործարանը, սակայն մինչ օրս որեւէ մեկը ո՛չ այցելել է, ո՛չ էլ՝ հետաքրքրվել. «Կամ սեպտեմբերի 4-ին ինչ-որ մարդիկ մտնում են այստեղ առանց դիմակի, իրենց մենակ ավտոմատն էր պակասում, հետո եմ հասկանում, թե ովքեր են, բայց ասում են, որ լրագրողներ են, միկրաֆոնը դեմ են տալիս ու ասում՝ ինձ ասա՝ չեք աշխատում, ասում եմ՝ աղջի՛կ ջան, ոնց չենք աշխատում, եթե աշխատում եմ, ասում ա՝ չէ, դու ասա՝ չեք աշխատում: Հարցնում եմ՝ ով եք, որտեղից եք, ասում են՝ «Արմնյուզից» ենք: Երբ սկսում եմ բացատրել, ասում է՝ սպառնում եք… հետո կես ժամ անց մեկ ուրիշն է զանգում, ասում եմ՝ եկեք տեղում տեսեք…»:

Գործարանն այս պահին ունի 11 աշխատակից, որոնք աշխատում են գազաբալոնների արտադրության վրա:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930