Քաղաքական դաշտում քննարկումների, մեկնաբանությունների, պատասխանների ոճը, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, տալիս է իշխանությունը: Գագիկ Համբարյանը նկատեց՝ շատ բացասական երևույթներ ժամանակին եղել են նաև նախորդ իշխանության ղեկավարման տարիներին: «Եվ այսօրվա նույն իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, իշխանությունների սխալները քննադատելն ու դրանք բացահայտելը շատ նորմալ էր ընդունում: Եվ դա իսկապես նորմալ է: Բայց հիմա զավեշտ է, որ ներկայիս իշխանությունները սարսափելի նյարդայնանում են և բացահայտ հիստերիայի մեջ են ընկնում, երբ բացահայտում են իրենց սխալները, ստերը, կեղծիքները, բացթողումները: Իրականում որևէ արդարացում չեն կարող ունենալ այն բոլոր բացասական երևույթների համար, որոնք առկա են:
Երկու տարի անց դեռ փորձում են արդարացնել նրանով, թե նոր են եկել իշխանության, իրենց չեն թողնում աշխատել: Փորձում են ներկայացնել այնպես, թե Հայաստանն իբրև ամբողջովին թալանված է եղել, ու Ն. Փաշինյանը զրոյական բյուջեի վրա է նստել: Այս պատճառաբանությունները տգետ մասսայի համար են: Օրինակ՝ հետաքրքիր է դիտարկել բյուջեն ու այն, թե երկու տարվա մեջ որքանո՞վ է ավելացել պետական պարտքը, կամ՝ ո՞ւր մնացին մեծ ձեռքբերումները: Երբ այս ամենը բարձրաձայնում ես, գործող իշխանությունների կողմից ոչ թե նորմալ պատասխան ես ստանում, այլ ականատես ես լինում անձնական վիրավորանքների, լուտանքների, այսպես ասած, ձեռք առնելու փորձերի:
Սա ցույց է տալիս գործող իշխանությունների ներկայացուցիչների ու նրանց սպասարկողների ինտելեկտուալ և դաստիարակության մակարդակը: Ամեն դեպքում, հուսով եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը քաղաքական անգրագիտության թմբիրից շատ արագ դուրս կգա ու իրականում կտեսնի, թե հեղափոխության անվան տակ տեղի ունեցած իշխանատեղափոխության արդյունքում ովքեր են եկել իշխանության, և նրանց գլխավոր նպատակը որն է»,շեշտեց մեր զրուցակիցը: Գ. Համբարյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն տրամաբանությանը, թե այս կամ այն արարքն իրենց կարելի էր, ներկայիս ընդդիմադիրներին՝ ոչ: «Իրականում գործ ունենք երկակի ստանդարտների հետ:
Ավելի կոնկրետ՝ այս ամենը բացահայտում է իշխանությունների պահվածքը ֆաշիստական նկրտումների տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի: Երկրում անհանդուրժողականության մթնոլորտ կա հենց այն պահից, երբ նույն իշխանությունները ընդդիմախոսների առաջին խոսքերն ընդունեցին սվիններով, պատասխանեցին լուտանքներով, պիտակավորումներով»,-ընդգծեց Գ. Համբարյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։