«Շատ մարդկանց գիտեմ, որոնք երբեք օպերայում չեն եղել, սիմֆոնիկ համերգում կամ թատրոնում չեն եղել իրենց կյանքի ողջ ընթացքում: Բայց կդժվարանամ գտնել մեկ հոգի, որը կինո չի նայել: Իսկապես, կինոն հատուկ տեղ ունի արվեստում: Կինո նայել են եւ նայելու են բոլորը»,-ԱԺ նիստում այսօր նման համոզմունք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած՝ կինոյի ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ:
«Սահմանադրությամբ հայոց լեզուն ՀՀ պետական լեզուն է, բայց չկա մի կինոթատրոն, որտեղ հայերենով ցուցադրվում են արտասահմանյան ֆիլմեր: Դրանք ցուցադրվում են ռուսերեն: Որպեսզի հասկանանք, թե ինչ ծախսերի եւ ջանքերի մասին է խոսքը…սարքավորումներ են պետք դրա համար, որպեսզի լինի թարգմանություն: Այսինքն, դրա հնարավորությունը պետք է տալ: Այդ խնդրի պատճառով է հիմնականում, որ օրենքը տարիներով ժամանակ է տալիս կինոթատրոններին»,-նշեց Արթուր Մանուկյանը:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն օրենսդրական փաթեթի վերաբերյալ նշեց. «Գործադիրը տվել է առարկությունների եւ առաջարկների մեծ փաթեթ: Սկզբունքային հարցեր կան: Օրենքը կարեւոր է այն պայմանով, որ կրեատիվ Եվրոպայի մեդիաբաղադրիչին կարող ենք միանալ միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում, բայց հորդորում եւ առաջարկում եմ, որ արվեստի ոլորտի առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինենք շատ զգուշավոր, որովհետեւ այս փաթեթի մի մասի դրույթներն արդեն իսկ սահմանված են Եվրոպայի խորհրդի համատեղ արտադրության մասին կոնվենցիայում: Մյուս դրույթներն էլ լավ ցանկությունների ձեւակերպումներ են: Առաջարկում եմ կատարելագործենք գործող օրենքները, շտկենք բացերը, ապա քննարկենք նոր օրենք ունենալու նպատակահարմարությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Միայն այս փոխնախարարն է լավ աշխատում, իսկ Թուխիկյան Նարինեն ու՞ր է: