Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից, բայց խոսքի ազատությունը վերածում են անմակարդակ խոսակցության, իսկ ժողովրդավարությունը՝ փողոցային «բազարի». «Փաստ»

Սեպտեմբեր 18,2020 11:25

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները իշխանության հասնելու ճանապարհին հայտարարում էին, թե իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն է։ Դա իրենից ենթադրում էր, որ նրանց՝ իշխանության հասնելուց հետո քաղաքական մշակույթի, բանավեճերի և փոխադարձ հարգանքի մակարդակը բարձրանալու է, բայց դրա փոխարեն մենք ներկայումս տեսնում ենք այլ իրավիճակ և արատավոր երևույթների շքերթ։ Հասարակական կյանքում ատելությունը և թշնամանքը դարձել են օրինաչափ իրողություններ, իսկ քաղաքական բանավեճի մակարդակն իշխանությունները իջեցրել են զրոյական մակարդակի։ Իսկ ավելի ճիշտ ասած՝ քաղաքական բանավեճ ընդհանրապես չկա։

Փաշինյանն ու իր թիմակիցներն ուղղակի ամեն մի քաղաքական հարց տեղափոխում են վիրավորանքների, մեղադրանքների ու չստուգված տեղեկություններ տարածելու դաշտ այն պարագայում, երբ իրենք շատ են բողոքում, թե իբր մամուլում իրենց մասին չստուգված տեղեկություններ են շրջանառվում։ Ինչպես ասում են՝ սելի տեղը սելվորն է ճռռում։ Ու ամենաբացասականն այն է, որ քինախնդրությունը դարձել է քաղաքական կատեգորիա։ Ով ներկայիս իշխանություններին անցյալում և հիմա մի թթու կամ քննադատական խոսք է ուղղել, «նեղացրել» է, դառնում է հետապնդումների և մեղադրանքների թիրախ։ Հենց քինախնդրության երևույթն է, որ քաղաքականությունը վերածել է ընդամենը սեփական շահերը սպասարկելու և այն պետության շահերից բարձր դասելու միջոցի։

Եվ դրա արդյունքում է, որ արձանագրման արժանի է դառնում կարևոր նշանակություն ունեցող մի իրողություն՝ այս երկու տարիների ընթացքում քաղաքացիների տրամադրություններում էական և անգամ շրջադարձային փոփոխություններ են նկատվում։ Նրանք հասցրեցին շատ արագ հիասթափվել իշխանություններից, ովքեր խոսում են խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից, բայց խոսքի ազատությունը վերածում են անմակարդակ խոսակցության, իսկ ժողովրդավարությունը՝ փողոցային «բազարի»։ Այսպիսի իրավիճակը Հայաստանի ներքաղաքական կյանքում հղի է անցանկալի հետևանքներով և աստիճանաբար բացում է երկիրը անկայունության հորձանուտ գցելու ճանապարհը։

Իշխանությունները երկու ճանապարհ ունեն՝ կամ պետք է սթափվեն և ընդդիմության հետ քաղաքական դիսկուրսը տեղափոխեն կառուցողական դաշտ, երբ խնդիրների լուծումը կլինի առաջնային պլանում, կամ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ դառնալու են իրենց իսկ ցանած ատելության թիրախը, որի դեպքում չեն կարող երկար մնալ երկրի ղեկին և ստիպված են լինելու շուտով հաշտվել բարձր պաշտոններին հրաժեշտ տալու իրողության հետ։ Նույն ժողովրդի պահանջով, որն իր ուսերին այս իշխանության է բերել իրենց…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930