Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չմասնակցեցին Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացին։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն ունի բոյկոտի իրավունք, բայց արդյոք այս պարագայում բոյկոտի քաղաքական արժեքը տեսանելի է։
ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող էին օգտագործել գործընթացը դատաիրավական ռեֆորմի վերաբերյալ իրենց պատկերացումները հանրությանը ներկայացնելու համար, կարող էին քննադատել իշխանության այս նախաձեռնության անարդյունավետությունը, ուրիշ էլ ինչի՞ համար է քաղաքական ուժը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա հեղափոխական մեծամասնություն, որն ունի բավարար մանդատ անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար, և գործնականում չկա խորհրդարանական այլակարծություն։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմության գործելաոճն այս հարցի շուրջ տրամաբանական էր։ «Նրանք ամենասկզբից էլ հայտարարում էին, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենալու Սահմանադրական դատարանի շուրջ, օրենքից դուրս են, հակասահմանադրական, և իրենք, ըստ էության, առաջին դեպքը չէ, որ չեն մասնակցում կա՛մ քննարկմանը, կա՛մ քվեարկությանը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Հակոբյանն ընդգծեց՝ այժմ նաև քաղաքական մեծամասնությունը պետք է իր կողմնակիցներին համոզի՝ ի վերջո, սա՞ էր երազում, սա՞ էր խոստանում իր ընտրողներին, երբ սկսում էր այդ գործընթացը. «Եվ արդյոք ճի՞շտ չէին բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում էին ընդդիմադիր գործիչների կողմից՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ կադրային հարց է լուծում՝ մեկին ուզում է գործից հանել, փոխարենն ուրիշին բերել։ Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ ես նույնիսկ չեմ էլ կարող հասկանալ՝ ի վերջո, նրանք ո՞ւմ են ուզում բերել»։
Կարդացեք նաև
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ամբողջ այս աղմուկից ի՞նչ ստացավ իշխանությունը։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: