Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը՝ որպես չափորոշիչ

Սեպտեմբեր 18,2020 10:00

Պատկերացրեք մի արհեստավորի, որը պետք է պատի մեջ մեխ խփի, բայց մեխին զարկելու փոխարեն հարված է հասցնում իր մատներին: Երբ նրա ուշադրությունն են հրավիրում այդ հանգամանքի վրա, նա հպարտ տեսք է ընդունում եւ բացականչում. «Դուք իրավունք չունեք ինձ որեւէ բան ասելու՝ ես հեղափոխության մասնակից եմ»:

Մոտավորապես այս կարգի փաստարկներով էր պատասխանում իշխանությունը ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջներին: Եթե խոսենք խնդիրների բովանդակությունից, ապա կրթության չափորոշիչների հարցում ընդդիմության քննադատությունն, իմ կարծիքով, առանձնապես հիմնավորված չէ (չնայած պարզ է, որ այստեղ աշխատելու տեղ դեռ շատ կա). փոխարենը բոլոր հիմքերը կան նախարարությանը մեղադրելու վատ մենեջմենթի եւ չմտածված որոշումներ ընդունելու մեջ, որոնց արմատը բոլշեւիկյան մեծամտությունը եւ անհանդուրժողականությունն են:

Բոլոր բնագավառներում, եւ հատկապես՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտում, «մուրճը մատներին խփելու» հիմնական դրսեւորումն է մասնագետների եւ հասարակության հետ հաշվի չնստելը, «դուք ո՞վ դառաք՝ մենք հեղափոխական առաջնորդներ ենք» տիպի փաստարկները: Ասել՝ «դուք իրավունք չունեք ձայն հանելու, որովհետեւ Սերժի վախտ դուք էս էիք կամ էն էիք», նշանակում է՝ այրել կամուրջները ոլորտի մասնագետների հետ: Իհարկե, կարող է թվալ, որ ուսուցիչների, գիտնականների, արտիստների կամ սպորտսմենների հետ հարաբերություններ փչացնելը մեծ ողբերգություն չէ՝ «թող խոսեն, ինչ ուզում են, միեւնույն է, նրանք չեն կարող խանգարել մեր պետականաստեղծ տքնաջան աշխատանքին»: Հայաստանի բոլոր իշխանություններին հենց այդպես էլ թվում էր եւ է, եւ դա իրականությունից կտրվելու առաջին նշանն է:

Իրականում խոսելու իրավունք ունեն բոլորը՝ այդ թվում նրանք, ովքեր հեղափոխության մասին իմացել են այդ պատմական իրադարձությունից երկու շաբաթ հետո, նրանք, ովքեր բոցավառված չէին հեղափոխական գաղափարներով եւ անգամ նրանք, ովքեր պայքարում էին հեղափոխության դեմ: Բովանդակային բանավեճի փոխարեն որպես ճշմարտության չափորոշիչ բերել վերաբերմունքը հեղափոխության հանդեպ, նշանակում է գործել այն սկզբունքներով, որոնք մենք կարծես թե մերժել ենք ավելի քան 30 տարի առաջ, երբ բոլոր բանավեճերում վերջնական խոսքը Կենտկոմինն էր:

«Այն կուսակցության անդամները, որոնց առաջնորդը 40 տարի առաջ դատապարտվել էր սեռական բռնության համար, իրավունք չունեն խոսելու ազգային արժեքներից»՝ որպես քարոզչական «շշպռոց» նման պնդումն արդյունավետ է, եւ ժողովրդի մեծամասնությանը գուցե դա դուր է գալիս: Բայց կրթական թեմաներով բանավեճում դա, իմ կարծիքով, փաստարկ չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նախարարին, այդ՝ «յեղափոխութեան ղեկավարն եմ» արտայայտութիւնը, թիւրիմացութեամբ է ընկալւում:

    Մարդը ասում է՝ ես յեղափոխական ղեկավարներից եմ, յեղափոխութեան ուղիով դարձայ նախարար, հիմա ուրեմն շարունակում եմ յեղափոխութիւնը: Անում եմ այն, ինչ որ առաջին օրից ասել ու յայտնել եմ որ անելու եմ – ու այդ հիման վրայ՝ դարձել եմ նախարար – :

    Եւ իրօք, ոչ միայն այդ նախարարը, այլ ընդհանրապէս իշխանութեան տիրացած այս բոլոր անձերը, պարզապէս անում են, ինչ որ ի սկզբանէ յստակօրէն ասացին ու յայտնեցին, ամիսներ շարունակ կրկնեցին ու վերահաստատեցին՝ որ անելու են: Եւ ըստ այնմ, այդ հիման վրայ, զանգուածային քուէներ ստացան:

    Ուրեմն, իրենց յեղափոխութիւնը վերջ չգտաւ՝ ընտրութիւններով: Այդ, առաջին փուլն էր: Անկէ ետք շարունակում են յեղափոխութիւնը, այնուհետեւ պետական միջոցներն ու հնարաւորութիւնները գործածելով:

    Կարող է որ «ժող’ջան»ին մի մասը, չհասկացաւ: Սակայն քաղաքական ոլորտում չկայ ոեւէ մէկը որ, ի սկզբանէ, լաւապէս հասկացած չլինէր թէ ինչ է կատարւում: Սակայն չկարողացան դէմ դնել: Տեղի տուին, յանձնուեցան: Այս մարդիկը յաղթեցին: Հիմա այո, ինչ որ ուզեն, կը կատարեն, մինչեւ 2023:

    Դեռ ոմանք պէտք է որ ուրախ լինեն, որ սրանք աւելի՛ն չեն անում… Ի յուսախաբութիւն յեղափոխութեան ծայրայեղական աջակիցներին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930