Սկիզբը՝ այստեղ:
«Մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը»,
ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը՝ Եգիպտոսից
Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արեւելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 12-15-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կատարեց Եգիպտոս, որի ընթացքում հանդիպեց Եգիպտոսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանք հրապարակեց, որում նշվում էր, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների եւ փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արեւելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը: Նշվում էր, որ երկու երկրների միջեւ առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։ Հայաստանը եւ Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաեւ բազմակողմ հարթակներում։
Գործում է Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը մինչ այժմ գումարել է 5 նիստ: Երկկողմ առեւտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է 5,8 մլն դոլար։ 2017-ին մեկնարկել են եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության Հուրգադա-Երեւան եւ Շարմ էլ-Շեյխ-Երեւան ուղիղ կանոնավոր չվերթներ։
Սեպտեմբերի 13-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ «Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին եւ արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ վստահության եւ իրական բարեկամության վառ արտահայտություն են», – նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Արտգործնախարարները արձանագրել են Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման եւ համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարեւորել են միջազգային եւ տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ եւ հետեւողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։
Հայաստանի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարները նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արեւելյան Միջերկրականի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, առանձնահատուկ ընդգծվել են տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարեւորությունը եւ միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։
«Անկայունություն եւ լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է»
Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարարը ուշագրավ հայտարարություններ է արել: Նա նշել է, որ լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արեւելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա. «Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են եւ բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով: Ուշադրությամբ հետեւում ենք Արեւելյան Միջերկրականի զարգացումներին, եւ մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձեւ ցանկանում եմ ընդգծել նաեւ մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին»: Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայունություն եւ լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ»,- հավելել է Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսում հստակ ընդգծել է, որ հակամարտությունների հանգուցալուծման կարեւոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը եւ փոխզիջումների հասնելու կարողությունը՝ ասելով. «Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժեւորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը եւ կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ»:
Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
Հայաստանի ԱԳ նախարարը եւ Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժեւորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում: Նրանք քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերի լայն շրջանակ, ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարեւորել է խաղաղության եւ անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:
Եգիպտոսում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ եւս ունեցել է: Նա հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ: Ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։ Հանդիպումներում կարեւորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջեւ համերաշխության եւ փոխադարձ հարգանքի զգացումներով:
Իսկ սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Մնացականյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ վերարժեւորելու Հայաստանի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ հաստատված համագործակցությունը եւ ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց հայկական համայնքների դերը Հայաստանի եւ արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդման գործում:
ԱԳ նախարարը եւ ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն հայտնվեց այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների եւ կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսեւորումների առնչությամբ, շեշտվեց տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարեւորությունը։ Հայաստանի ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները:
Այսպիսով, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կարեւոր էր ոչ միայն երկու պետությունների միջեւ երկկողմ բարեկամական հարաբերությունների տեսանկյունից, այլեւ այն կարեւոր ուղերձներով, որոնք հնչեցին այս այցի ընթացքում՝ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 17.09.2020