«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը
– Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները դադարեցնում են մասնակցությունը շուրջ երկու տարի ձգձգվող դատավարությանը, հայտարարելով, որ այն վերածվել է ֆարսի։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը օրերս հայտարարեց, որ դատարանը պետք է արձանագրի, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը ենթակա է կարճման: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
– Այն, ինչ կանխատեսել էի դեռ այս տարվա հունվարին, որ եթե փոխվի Քոչարյանի խափանման միջոցը ու նա հայտնվի ազատության մեջ, նրա պաշտպանական կողմը, ոգեւորվելով իր հաջողությունից, ավելի է ձգձգելու դատը, հիմա էլ պատճառաբանելով, թե դատավարությունը 5-6 տարի կտեւի, իսկ իրենք գտնում են, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, ուստի նա ինչո՞ւ պետք է այդքան տարի մնա մեղադրյալի կարգավիճակով, երբ պատրաստվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, իսկ այդ կարգավիճակը սահմանափակելու է թե՛ նրա ազատ տեղաշարժը, եւ թե՛ լիարժեք գործունեությունը, տեղի ունեցավ, ուստի առանձանապես մեկնաբանելու բան չկա։ Ավելի լավ է խոսենք հետագա զարգացումներից։ Ժամանակին ասել եմ՝ Մարտի 1-ի գործում քաղաքականն ու իրավականը խառնվել է, ու այժմ ո՛չ քաղաքականն է առաջ գնում, ո՛չ իրավականը։ Մեր երկրի համար չափազանց կարեւոր գործը չի կարելի վերածել խեղկատակության։ Եթե պիտի անիմաստը քաղաքականացվեր, լավ չէ՞ դադարեցնեն այս գործի դատաքննությունը՝ իրավական մի ձեւակերպում գտնելով ու հայտարարեն, թե քանի որ օրվա իշխանությունը Մարտի 1-ի կոնֆլիկտի կողմ է, պետք է հարցը թողնել հաջորդին։ Իսկ եթե իշխանությունները մնում են իրավական դաշտում, համարձակորեն գնացել են այն քայլին, որ բացահայտեն գործը, ուրեմն պետք է անեն հաջորդ քայլը՝ գործով անցնող բոլոր մեղադրյալների խափանման միջոցը փոխեն կալանքով ու կտեսնենք, թե ինչ արագ առաջ կգնա դատաքննական պրոցեսը։ Կա՛մ պետք չէր նման ծանր որակավորում տալ, կա՛մ եթե տվել են, ապա չպետք է դոփեն տեղում։ Սահմանադրական կարգի տապալում, ինչի արդյունքում կան զոհեր, սրա որակումը մեկն է՝ մարդկության դեմ կատարված հանցագործություն։ Ու կապ չունի՝ քանիսն են զոհվել, դրանից էությունը չի փոխվում, ոչ էլ կապ ունի՝ մեղավորը Հիտլերն է, Պոլ Պոտը, թե Քոչարյանը, նման հանցագործությունները տեղական նշանակության չեն լինում։
– Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Նրա կալանավորումը խնդիր չի՞ ստեղծի, այն առումով, որ խոսակցություններ կսկսվեն, թե երկրորդ նախագահին կալանավորում են, որպեսզի սահմանափակեն նրա քաղաքական ակտիվությունը։
Կարդացեք նաև
– Եթե ակտիվ քաղաքական գործունություն ասելով նկատի ունենք նաեւ, որ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոչարյանն առաջարկում էր, որպեսզի ՌԴ-ն մեր դեմ փափուկ ուժ կիրառի, ավելի լավ է քաղաքականությամբ չզբաղվի ու իրեն եւս մեկ անգամ խայտառակ չանի։ Այդ երկրի ազգային ինքնության խորհրդանիշը ռուսական արջն է, իսկ որսորդ Քոչարյանը փափուկ ուժ կիրառող արջ տեսե՞լ է։ Աշխարհի հետ միջուկային զենքով ու խողովակաշարային քաղաքականությամբ կոշտ խոսող երկրի պարագայում իրենց համար է վիրավորական ՌԴ-ն ու փափուկ ուժը համադրելը։ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավորն ու անհնարինը հանձնեց ՌԴ-ին, որոնք ռազմավարական նշանակության տնտեսական օբյեկտներից համալիր կերպով վերածվեցին ՌԴ-ի ձեռքում կոշտ քաղաքական լծակի։ Բայց անգամ այս պարագայում մեր հանրությունը հիմնականում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կողմնակից է։ Նույնիսկ օրվա իշխանությունները, երբ ընդդիմադիր ժամանակ կասկածի տակ էին դնում ՌԴ-ի հետ բարձր մակարդակի համագործակցության արդյունավետությունը, դառնալով իշխանություն՝ կտրուկ փոխեցին վերաբերմունքը։ Ստացվում է՝ իշխանության ու հանրության ընտրությունը գիտակցված չէ ու պետք է ինքնիշխան պետության դեմ ուժ կիրառե՞լ։ Թե՞ պետք էր ՌԴ-ին հավաստիացնել, որ իր միակ դաշնակիցը ՀՀ-ում Քոչարյանն է։ Ի դեպ, եթե, այնուամենայնիվ, փափուկ ուժ ասելով հասկանում ենք լեզուն ու մշակույթը տարածելը, ապա դա էլ են արել «ռուսիֆիկացիայի» կոշտ խողովակով, լինի ցարական Ռուսաստանի ժամանակ, թե Խորհրդային Միության։ Իսկ մարդիկ վրդովված հակադարձում են, թե՝ դրսից ուժ գործադրել պետք չէ, մի Տեր Թոդիկ է պետք, որպեսզի մեր ալբանացուն հայերեն սովորեցնի։ Հենց Քոչարյանի օրոք Սորոսի հիմնադրամն իր գործունեությունն ակտիվորեն ծավալեց, ու ոչ միայն դրամաշնորհ ստացողները, այլեւ հիմնադրամում աշխատածները Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, նաեւ Սերժ Սարգսյանի, պետական բարձր պաշտոնների նշանակվեցին, ազդեցիկ դիրքեր զբաղեցրին։ Իսկ հիմա ռուսներին առաջարկում է ուժ կիրառել՝ սորոսականների ազդեցությունից մեզ ազատելու համար։ Փաստորեն, Քոչարյանին այնքան է դուր եկել Սորոսի դեմ պայքարը, որ այդ փառքին էլ «փայ մտավ» ու ՀըԽ-ին տրված հարցազրույցում կարեւորեց այդ թեման, մի հատ էլ գլուխ գովեց, թե նոր բառ է հորինել՝ «սորոսիզացիա»։ Տնաշե՜ն, հայերեն կարեւոր բառերը գրել-կարդալ սովորի, հետո բառ հորինի։
– Վկայակոչում եք երկրորդ նախագահի՝ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցը, բայց վերջերս Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայկական տարբեր հեռուստաալիքներին մի քանի հարցազրույցներ տվեց, որոնցում խոսեց բոլոր արդիական թեմաներից:
– Դե եթե պետք է իր անցյալի գործերը գովերգեր, հանդիպումն իջեցներ սեփական կենացը խմելու մակարդակի, ապա բաժակաճառի համար լրագրող պետք չէր, ընդամենը սեղանակից էր պետք։ Մարդ, որ լրագրողներին ասում է, թե իր պաշտոնավարման ժամանակ ցանկացած հանդիպման գնալիս ինքը չէր խոսում, այլ լսում էր մասնագետներին, դա ո՞ւմ համար էր ասում՝ երիտասարդների՞, որ այն ժամանակ փոքր էին, թե՞ սկլերոզ ունեցող տարեցների։ Քոչարյանը, հանդիպելով Երեւանի պետական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների հետ, բացատրում էր. «Սա նրանց իմացած Մաքիավելիի 17-18-րդ դարերի դիվանագիտությունը չէ», ու չգտնվեց մի համարձակ դասախոս, մի ուսանող՝ պոտենցիալ քաղաքագետ, դիվանագետ, իրավաբան կամ պատմաբան, որ տեղից վեր կենար ու թեկուզ դիվանագիտորեն ասեր՝ պարոն նախագահ, Ձեր ցանկացած խոսք մեծ ուշադրության է արժանանում հանրության կողմից, գուցե լեզվի սայթաքում էր, որ 200 տարի սխալվեցիք, քանի որ 1469թ. ծնված ու 1527թ. մահացած Նիկոլո Մաքիավելին չէր կարող 17-18-րդ դարերում դիվանագիտությամբ զբաղվել։ Այդպիսին չէր գտնվի, եթե լիներ, ապա այդ համարձակին զուգարանում այնպես «փափուկ» կքաշքշեին, որ դրանք կլինեին նրա վերջին արտասանած բառերը։ Սա էր մայր բուհի վիճակը, եթե չասենք՝ ողջ երկրի։ Իսկ, եթե այն ժամանակ մասնագետներին լսեր Քոչարյանը, այդպիսի անգրագետ բան չէր ասի, համ էլ մի օգտակար բան կսովորեր։ Այսօր քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց անցյալը գովերգում, ու ցանկանում, որ ապագայում էլ իրենք իշխանություն լինեն, բայց ինչպես իրենց պաշտոնավարման ժամանակ էին քաղաքական դաշտն ամայացրել, հիմա էլ որպես ընդդիմադիր են փորձում նույնն անել, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն չունենա՝ կա՛մ ներկա իշխանություններն են, կա՛մ նախկինները։ Մնում է այս իշխանությանն օր առաջ տապալել ու կմնան միայն իրենք՝ նախկինները։ Սա է իրենց պատկերացրած քաղաքականությունը, եթե սա կարելի է երկրի զարգացմանը միտված քաղաքական պայքարի ծրագիր համարել։
– Պայմանական ասած՝ սորոսականների, իշխանությունում հայտնվելու վտանգը, ինչի մասին խոսում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմախոսները նաեւ խոսում են Ստամբուլյան կոնվենցիայի եւ մեր ինքնությունը վտանգող համանման այլ միջազգային փաստաթղթերի վավերացմամբ։
– Այն, որ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա է՝ կասկածից վեր է։ Չենք մոռացել, թե ինչպիսի լուրջ դիվանագիտական հաջողություն էին համարում ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը։ Այդ հետագայում պարզվեց, որ նախկինները համաձանել էին ԵՄ-ի պարտադրանքին՝ դրա դիմաց ստորագրելով Ստամբուլյան կոնվենցիան։ Կասկած չունեմ, որ եթե նախկինները շարունակեին պաշտոնավարել, ապա կվավերացնեին Ստամբուլյան կոնվենցիան, հակառակ դեպքում ԵՄ-ն էլ չէր վավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ու փայլուն դիվանագիտական հաջողությունը հօդս կցնդեր։ Բայց, եթե ԵՄ-ն համարում է, որ անգամ խորը ինտեգրացիայի ճանապարհին ՀՀ-ում նույնպես պետք է կիրառվեն համաեվրոպական համակեցության կանոնները, ապա դրանք առնվազն պետք է տարածվեն ԵՄ անդամ բոլոր երկրներում։ Թեպետ, եթե անգամ բոլորը վավերացնեն, դա դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է վավերացնի, իսկ եթե բոլորը չեն վավերացրել, դա նշանակում է, որ ՀՀ-ն չպետք է վավերացնի։ Ու պետք չէ համաձայնագրի վավերացման մեղքը գցել ո՛չ նախկինների, ո՛չ ԵՄ պարտադրանքի, ո՛չ էլ իշխանության սորոսականների վրա, դա մեր իշխանությունների ընտրությունը կլինի՝ անհարկի պատրաստակամության արդյունք։ Չեմ ցանկանում խորանալ, թե որքանով է Ստամբուլյան կոնվենցիան անհարիր մեզ համար՝ դա այլ քննարկման թեմա է։ Մանավանդ որ, կողմերը հայտնում են տրամագծորեն տարբեր կարծիքներ, իրավական ձեւակերպումները նենգափոխում՝ ամեն մեկն ըստ իր ճաշակի, շատ ագրեսիվ են ու հիմնավորումներում անհամոզիչ։ Պարզապես, եթե մեր իշխանությունները պատրաստ են այս հարցում ԵՄ ղեկավարությանը բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ անընդունելի է ընդլայնված ու խորը համագործակցությունը կոշտ կապով կապել մի համաձայնագրի վավարեցման հետ, որը նույնիսկ ԵՄ անդամ բոլոր երկրները չեն վավերացրել, այս հարցում հանրային մեծ ակտիվությամբ կարելի է ճնշում գործադրել իշխանությունների վրա, դրանով իսկ օգնել ԵՄ-ի հետ բանակցություներում դիրքերն ամրապնդելուն, եվրոպական գործընկերներին հասկացնել, որ մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, ու ժողովրդի ընտրյալ վարչապետը չի կարող հաշվի չնստել ժողովրդի կարծիքի հետ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2020