«Գարունը՝ թերեւս այն եզակի հեղափոխությունն է այս աշխարհում, որին միայն կարելի է լուրջ ընդունել եւ որն ամեն դեպքում մշտապես ունենում է հաջողություն»:
Ֆեոդոր Տյուտչև, 19-րդ դարի ռուս նշանավոր պոետ, դիվանագետ, ակադեմիկոս:
Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ 2018թ. ապրիլյան իրադարձությունները լավ կազմակերպված թատերական ներկայացում էր եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ օտար ուժերի հովանավորությամբ իրականացված 21-րդ դարի ավանտյուրաներից մեկը, ինչն արդեն շատ լավ հասկանում է հայ ժողովրդի գերակշռող հատվածը:
Հեղափոխական ուժերը Հայաստանում 2018թ. ապրիլին իշխանության եկան բարեկեցության, ազատության, ժողովրդավարության, արդարության, սիրո եւ համերաշխության կարգախոսներով ու կոչերով, սակայն որոշակի դրական փոփոխությունների հետ միասին նաեւ ունեցանք ամբոխի իշխանություն, այլակարծության մերժում, անհանդուրժողականություն, բարոյական անկում ու խեղաթյուրված արժեհամակարգ, թուլացած ու արժեզրկված պետական ինստիտուտներ եւ ազգային անվտանգությանը սպառնացող պառակտվածության, բանսարկության, չարության ու ատելության մթնոլորտ: Հեղափոխությունների պատմությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, հեղափոխությունների ձախողումները պայմանավորված են նրանով, որ այն հիմնականում իրականացվում եւ կառավարվում է հասարակության գաղափարախոսություն չկրող, փողոցից եկած զանգվածի կողմից, ովքեր ի վիճակի չեն արդյունավետ կառավարել հետհեղափոխական գործընթացները: Իսկ ամերիկացի գրող Ռոբերտ Հայնլայնը գտնում էր, որ. «Հեղափոխության նախապատրաստումն ու իրականացումը մանկական խաղալիք է այն բանի համեմատությամբ, ինչը ձեզ սպասվում է նրա հաղթանակից հետո»:
Կարդացեք նաև
Մենք` հայերս, հաճախ պատմության բախտորոշ պահերին, այդ թվում եւ հեղափոխությունների ու իշխանափոխությունների արդյունքում, ցավոք, աչքի չենք ընկել պատշաճ քաղաքական հեռատեսությամբ ու խոհեմությամբ եւ չենք կարողացել իրատեսորեն գնահատել ներքին հասարակական-քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակների փոփոխություններն ու սպառնալիքները: Իսկ 2018թ. ապրիլին մեր անհեռատեսության, զգացմունքայնության, դյուրահավատության, կարճ հիշողության, միամտության, անիրատեսության, պետական՝ քաղաքական մտածողության բացակայության ու քաղաքական գործընթացներին լուրջ չվերաբերվելու արդյունքում, ցավոք, եւս մեկ անգամ հայտնվեցինք խաբվածի կարգավիճակում: Հաշվի առնելով 2018թ. ազգային, ապրիլյան «հեղափոխության» էներգիան եւ համայն հայության աննախադեպ համախմբվածությունը, ոգեւորությունն ու համերաշխությունը, ինչպես նաեւ քաղաքացիների՝ փոխվելու կամքը եւ ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայության գերակշռող մասի պաշտամունքի աստիճանի հասնող անկեղծ սերն ու վստահությունը, կարելի էր պարզապես կատարյալ երկիր կառուցել: Ցավոք, սակայն, փոշիացվեց այն ահռելի ռեսուրսը, որ կուտակվել էր 2018թ. ապրիլյան ազգային զարթոնքի ժամանակ: Հետխորհրդային Հայաստանում հերթական անգամ ազգային պետության եւ հանրային շահը ստորադասվեց անձնական ու նեղ խմբային՝ կուսակցական ամբիցիաներին: Այնուամենայնիվ, ինչո՞ւ ունեցանք ձախողված «հեղափոխություն» եւ ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց:
– Ի սկզբանե հեղափոխության առաջնորդները անկեղծ չէին ժողովրդի հետ եւ ինչպես ցույց տվեց ժամանակը, «հեղափոխության» նպատակը ոչ թե երկրում բարեփոխումների իրականացումն էր, այլ՝ անձնական շահի, փառքի ու վայելքների ձգտումը: Թե մինչեւ հեղափոխությունը, թե իշխանության գալուց հետո հեղափոխականները չունեին երկրի զարգացման գործողությունների հստակ ծրագիր՝ ռազմավարություն եւ ներկայումս էլ իրականացվում է իրավիճակային ու տարերային կառավարում: Ենթադրվում էր, որ հեղափոխությունից հետո հիանալի հնարավորություններ կբացվեն ազգային լեզվի ու մշակույթի, կրթության, գիտության եւ տնտեսության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սովորույթային բարձր արժեքների վերածննդի համար, որ իշխանություններն առանց հապաղելու ձեռնամուխ կլինեին նոր տիպի եւ որակի Հայաստանի ամուր եւ հուսալի հիմքերի կառուցմանը, ազգային պետության ինստիտուտների կայացմանը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արմատական ու համակարգային բարեփոխումների ռազմավարության մշակմանն ու իրականացմանը, ինչը, սակայն, չարվեց: «Հեղափոխականները իրենց գործին ցուցաբերում են հավատարմություն եւ համերաշխություն այնքան ժամանակ միայն, քանի դեռ չունեն բաժանելու ոչինչ»,- գրել է ամերիկացի ճանաչված խմբագիր Էդգար Հաուն: Ապրիլյան հեղափոխությունը այդպես էլ չենթարկվեց հեղափոխական որեւէ օրենքի ու օրինաչափության: Իսկ հեղափոխությունը դա առաջին հերթին ենթադրում է արժեհամակարգի, աշխարհայացքի, քաղաքական մշակույթի, իրավական ու կառավարման համակարգի, սեփականության ու տնտեսավարման ձեւերի եւ բարոյական արժեքների փոփոխություն: Որպեսզի խուսափենք անցյալի կրկնությունից, կարծում եմ, իրավականից բացի, նոր ընտրված Ազգային ժողովում պետք է տրվեր նաեւ նախկին հետխորհրդային տարիների իշխող կուսակցությունների ու կառավարությունների քաղաքական ու բարոյական գնահատականը, սակայն դա չարվեց: Անշուշտ պետք էր սկզբունքային գնահատական տալ անցյալին, բայց երբեք պետք չէր շատ փորփրել անցյալը եւ բոլոր ձախողումները բարդել անցյալի վրա: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Ստիվեն Քինգը գտնում է, որ. «Ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Հեղափոխությունից հետո այդպես էլ իշխանությունները չկարողացան ձեւավորել հանրային կառավարման գործուն համակարգ եւ հավաքագրել քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որոնք կտիրապետեն մասնագիտական գիտելիքների, օժտված կլինեն կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով եւ իշխանական լիազորություններն արդյունավետ ձեւով կօգտագործեին հանրության խնդիրները լուծելու համար: Իրականում, մինչդեռ, հանրային կառավարման համակարգի արմատական բարեփոխումներն ըստ էության հիմնականում սահմանափակվեցին նախկին փորձառու ու բանիմաց կադրերի զգալի մասին քայլ արած ՔՊ-ական երիտասարդներով եւ դավանափոխ եղած հանրապետականներով փոխարինելով, որոնցից շատերը, սակայն, ժամանակին հեղափոխության դեմ պայքարած, ընտրակեղծարար, անփորձ, բանակից խուսափած, այս երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի ամեն ինչի պատրաստ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդիկ են եւ չեն տիրապետում անգամ կառավարման վերաբերյալ պարզագույն գիտելիքների, ինչը եւ դարձավ հեղափոխության ձախողումների եւ վարկանիշի անկման գլխավոր պատճառը: Հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանական պետություն լինելու հանգամանքը եւ խորհրդարանի, որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարեւոր դերը երկրի քաղաքական կյանքում, անհրաժեշտ էր ամենայն լրջությամբ վերաբերվել ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչը, ցավոք, տեղի չունեցավ եւ խորհրդարանում ազգի իրական քաղաքական ընտրանու փոխարեն հայտնվեցին ոչ քիչ պատահական մարդիկ: Իսկ ընտրություններն իրականացվեցին հապճեպ, ինչը հնարավորություն չտվեց քաղաքական ուժերին նախապատրաստվելու: Բացի այդ, ունեցանք կառավարության անհասկանալի ու չհիմնավորված կառուցվածք: Արդյունքում կառավարման գրեթե բոլոր մակարդակներում ու օղակներում ցածր է պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության մակարդակը, իսկ ընդունվող օրենքներն ու կառավարչական որոշումները շատ հաճախ կտրված են լինում իրականությունից եւ չեն ենթարկվում որեւէ տրամաբանության: «Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- ասել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն:
– Հայաստանում քաղաքական համակարգը այդպես էլ չի կայանում նաեւ այս իշխանության օրոք եւ չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթ: Ամեն ինչ արվեց արժեզրկելու եւ նվաստացնելու հասարակության ընտրանուն, մարդկանց արժանապատվությունը, վաստակը, ազգային արժեքները, հեղինակություններին, պարգեւները, կոչումներն ու պետական ինստիտուտները: 19-րդ դարի ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Պեռ Բուաստը գտնում էր, որ. «Չհաջողված հեղափոխությունները միշտ իրենց հետեւից բերում են ատելության եւ վրեժխնդրության կառավարություններ»: Անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց ավագ սերնդի նկատմամբ: Այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը մեր երկրում այլեւս տեղ չունի, ավելորդ բեռ է հասարակության համար եւ նրանց փորձը, գիտելիքները եւ իմաստությունը հնացած են եւ պետք չեն ոչ մեկին, իսկ այս երկիրը հեղափոխական երիտասարդներն են կառուցել: Ա. Ս. Պուշկինն է նշել, որ. «Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անբարոյականության առաջին նշանն է»:
«Հեղափոխության» ձախողումները պայմանավորված են նաեւ իշխանավորների գերակշռող մասի պետության ու պետականության ընկալման անլրջությամբ, անփորձ ու ոչ հասուն լինելու հանգամանքով, անպատասխանատվությամբ, ձեւամոլությամբ, պոպուլիզմով, չափից ավելի անհասկանալի ինքնավստահությամբ ու հանրային կարծիքի անտեսմամբ: Արդարության եւ օրինականության հաստատմանն ուղղված հետհեղափոխական գործընթացները երկրում պետք է իրականացվեր համակարգված, թափանցիկ, կշռադատված՝ օրինականության, արդարության, բարոյականության եւ բացառապես հասարակության ու պետականության շահերի դաշտում միայն, այլ ոչ թե տարերային, ընտրանքային ու կիսատ-պռատ ձեւով: Պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս խուսափենք սոցիալական ցնցումներից ու հասարակության պառակտումից, անհանդուրժողականությունից, հաշվեհարդարներից, վրեժխնդրությունից, ինչն առավել կարեւոր է հիմա, երբ ապրում ենք բավականին դժվարին ու պատասխանատու ժամանակաշրջան, գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ ու լարված տարածաշրջանում: Մենք պետք է նաեւ մեր դառը անցյալից դասեր քաղելու նպատակով երբեք չմոռանանք սեփական երկրի ու ազգի նկատմամբ դավադրության ոչ քիչ օրինակները, երբ հայը հանուն իր փառքի ու շահի ձեռք է բարձրացրել հայի ու հայոց պետականության վրա, խարխլելով նրա հիմքերը, ինչը տեղի է ունենում նաեւ ներկայումս: Պետք է սթափվենք եւ լավ գիտակցենք, որ պատերազմող երկիր ենք, ունենք Արցախի եւ Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք տնտեսության զարգացման, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, արդարության հաստատման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այնուամենայնիվ, 2018թ. տեղի ունեցած ապրիլյան համազգային զարթոնքը հույս է ներշնչում եւ ցույց տվեց, որ արժեհամակարգ է փոխվում, որ հայ ազգը ինքնակազմակերպվում է, որ հայը ուզում է փոխվել, որ այլեւս ցանկանում է հպարտ ու արժանապատիվ ապրել եւ աշխարհին ներկայանալ որպես օրինապաշտ, կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ, որ ուզում է վերադառնալ իր ազնվագույն արմատներին եւ հրաժարվել ձեռք բերովի արատներից ու բարդույթներից:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2020
Հարիւրին հարիւր համաձյան լինելով պրն Հայկ Ղազարեանի ամբողջովին իրատեսական գրութեան հետ, շատ կը ցանկանայի իմանալ իր կարծիքը նաև, ի՞նչ պէտք է անելու մասին: Կամ պէտք է սպասել մինչև ներկայիս ընտրուած իշխանութեան ժամանակաշրջանի աւարտին, որպէսզի ժողովուրդը իր գնահատականը տայ նրանց հինգ տարուայ գործունէութեան և նոր ու փորձուած ուժեր ձեռք առնեն երկրի ղեկը, որին ես անձամբ համոզուած եմ, որ այդպէս էլ պէտք է լինի, ի հարկէ եթէ վտանգաւոր ցնցումներ չառաջանայ երկրի մէջ, կամ ինչ որ մի այլ քայլի դիմել, որին ես չեմ տիրապետում, բայց կարծում պրն Հայկ Ղազարեանը որպէս կրթեալ ու բանիմաց անձնաւորութիւն կարող կը լինի պատասխան տալ: