«Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հիմք ընդունելով 2020-ի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» կառավարության որոշումը՝ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը։ ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։
ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եզիազար Վարդանյանը շնորհավորելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերընտրվելու առթիվ և ողջունելով խորհրդի անդամներին ներկայացրեց իրականացված աշխատանքները, ընդգծելով. «Արտակարգ դրության պայմաններում մենք կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել ուսումնական գործընթացը՝ ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմին»։ Անդրադառնալով համալսարանի ֆինանսական հատվածին Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆինանսական վիճակը կայուն է։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ անցած տարվա համեմատ այս տարի ընդունելության աճ է գրանցվել։