Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, կառավարական «Համար մեկ» օդանավը ներկվել է, որի համար ծախսվել է 250 հազար ԱՄՆ դոլար:
Այսօր, իշխող ուժի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Այդ թիվը ես չեմ կարող հրապարակել, հաշվի առնելով, որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակներում, այդ թվում եւ վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեղավորվում է: Կարող եմ ասել, որ անգամներ պակաս է այդ թիվը եւ ես հատուկ հանձնարարել եմ, որ հերքման պահանջ ներկայացնեն տվյալ լրատվականին»:
Լրագրողներից մեկը նկատեց՝ իշխանությունը միշտ խոսել է բաց եւ թափանցիկ կառավարման մասին: Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց՝ օրենքով է արգելվում նման տեղեկություն հայտնել, քանի որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դասվում է այն օբյեկտների շարքին, որոնք գաղտնի են:
Էդուարդ Աղաջանյանը մանրամասնեց, որ ինքնաթիռի վրա նախկինում արված գրառումը ջնջվում էր, ներկը թափվում էր եւ խնդիր էր առաջացել, ուստի այն թարմացնելու կարիք է առաջացել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ