Ռուսաստանը ստուգված տեղեկություններ չունի դեպի Լեռնային Ղարաբաղ լիբանանահայերի հոսքի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ լիբանանահայերին իրենց ղեկավարության տակ գտնվող տարածքներում տեղավորելու մտադրության մասին։ Կարդացել ենք, որ 2 լիբանանահայ ընտանիք ցանկություն են հայտնել հաստատվել Լեռնային Ղարաբաղում։ Ստուգված տեղեկություններ դեպի Լեռնային Ղարաբաղ լիբանանահայերի իրական հոսքի մասին չունենք»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացը վերականգնելու վրա։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդների առաջարկները, ընդհուպ մինչև նախարարներից յուրաքանչյուրի հետ եռյակի առանձին հանդիպումներ։ Ակնկալում ենք կողմերի դրական արձագանքը»,- եզրափակել է Զախարովան։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ