Վարչական դատարանում այսօր քննվում է «Ա1+»-ն ընդդեմ Հայաստանի կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2003 թվականին անցկացված հեռարձակման լիցենզավորման 7 մրցույթների ակտերն առոչինչ ճանաչելու վերաբերյալ գործը։
Փաստաբան Դավիթ Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ դատական նիստն է՝ կառավարությունը չի ներկայանում և հարգելի պատճառ չի ներկայացրել, որը օրենքով պարտավոր էր անել․ «Հայտարարեցինք, քանի որ գործի էությունն այն է, որ մենք ներկայացնում ենք հայցն ընդդեմ պետության, խտրականության հիմքով «Ա1+»-ին եթերազրկելու փաստի ուժով։ Մենք կարծում ենք, որ պետության հետ կապված հարցեր ունենք և պետությունը պետք է պատասխանի՝ ընդունո՞ւմ է այդ իրադարձությունները, թե՞ չի ընդունում։ Որոշեցինք, որ դատական նիստը կիրականացնենք և հետագայում կհետաձգենք, որպեսզի դատարանը նամակ ուղղի կառավարության աշխատակազմ՝ նշելով, որ դատական նիստերին չեն մասնակցում։ Ինչպես նաև մենք կփորձենք նամակներ ուղարկել կառավարություն, պարզել, թե ինչու դատական նիստերին չեն մասնակցում և պարզել, թե ինչու են արհամարհում դատական գործընթացը»։
Կողմը նաև ներկայացրել է միջնորդություն, որ գործի վարույթի բոլոր փաստաթղթերը ներկայացվեն՝ մրցութային առաջարկությունները։ Նրանք նաև միջնորդել են հայցի պահանջը լրացնել․ «Նոր պահանջ ենք ներկայացրել, որ դատարանը ճանաչի 2008-2018 թվականներին հայցվորի նկատմամբ տեղի ունեցած խտրականության փաստը։ Երկու վերջին միջնորդությունների քննարկումը հետաձգվեց, որ պատասխանողին լսի, եթե ներկայանան»։
Դավիթ Ասատրյանի խոսքով՝ եթե կառավարությունը ծանրաբեռնված լիներ կամ իրավաբանի խնդիր ունենար, կարող էր դատարան նամակ ուղարկել․ «Գուցե հասկանայինք, բայց այս քար լռությունը ի սկզբանե մեզ զարմացնում է։ Ի դեպ, ես երբ դատավարական փաստաթղթեր եմ ուղարկում կառավարություն, միշտ շեշտադրում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ, անհրաժեշտ է, որ դատավարական փաստաթղթերին պատասխանեք ձեր վերաբերմունքը լինի բացասական, լինի դրական հայտնեք, բայց ամեն ինչը լինում է օդի մեջ, չեն պատասխանում, քար լռություն է»։
Կարդացեք նաև
Դավիթ Ասատրյանը ցավալի է կհամարի, որ հաջորդ դատական նիստին եւս կառավարությունը չներկայանա․ «Իշխանությունը, իշխանության ներկայացուցիչները բոլոր ճյուղերում մինչ հեղափոխությունը, հեղափոխությունից հետո հայտարարել են անարդարացի վերաբերմունքը «Ա1+»-ի նկատմամբ։ Եվ այս դատարանը այն վայրն է, որտեղ կարող էին այդ հայտարարությունը անել և իրավական ճանապարհով այս անարդարությունը վերականգնել։ Բայց իրենք նախընտրել են լռել, և այդ լռությունը, ըստ մեզ, ճիշտ չէ նույնիսկ հակասում է օրենքին․ օրենքում նշված է, որ պատասխանողները պարտավոր են ներկայացնել հայցադիմումին պատասխան, և իրենք չեն ներկայացրել, չեն ներկայացրել, թե ինչու չեն ներկայացնում և դատական նիստերին չեն գալիս։ Դատական նիստերին ներկայանալը, ինչքան էլ հայեցողական է, բայց դա նաև պետական մարմնի վերաբերմունքն է ոչ միայն մեր նկատմամբ, մեր պահանջի նկատմամբ, զանգվածային լրատվության միջոցի իրավունքների նկատմամբ, այլև ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ դատարանն է իրենց կանչում և իրենք երեք դատական նիստ արհամարհում են»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ