Հայաստանի համայնքներում կգործի ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման սխեմա: Այսպես է սահմանում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը հեղինակել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
ԱԺ նիստում այսօր նա նախ նշեց, որ Երեւանում ճանապարհային նշանների համալրվածության բավարար մակարդակ կա, մինչդեռ հեռու համայնքներում հակառակ իրավիճակն է. «Համայնքներում ճանապարհային երթեւեկության կազմակերպման լիազոր մարմնի բացակայությունն իրավիճակը դարձնում է խնդրահարույց: Ըստ օրինագծի՝ կառավարությունը կսահմանի լիազոր մարմին, որը տվյալ դեպքում նախարարությունն է: Համայնքի ղեկավարները պետք է կազմեն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ավագանու հաստատմանը ներկայացնեն ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման՝ համայնքային ենթակայության ճանապարհների վերաբերյալ: Անվտանգության առումով սխեման համաձայնեցվելու է ոստիկանության հետ»:
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ համայնքներում ճանապարհային երթեւեկության հետ կապված խնդիրները սուր են. «Որեւէ ճանապարհային նշանի բացակայության պատճառով տեղի են ունենում ՃՏՊ-ներ, եւ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, թե ումն է մեղքը, գործը գնում է դատարան: Քանի որ օրենքում գրված չէ, թե ճանապարհի որ մասի համար որ սուբյեկտն է պատասխանատու, հնարավոր չի լինում գտնել այն մարմնին, որը թերացել է իր աշխատանքում: Իսկ այս օրինագիծը, որը վերաբերում է միայն ներհամայնքային ճանապարհներին, հստակեցնում, տեղաբաշխում է գործառույթները»:
Հավելենք, որ օրինագիծը պետք է քննարկվի եւ քվեարկվի երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ: Կառավարության դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ դրական է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ