Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս օրենքով գծել ենք մեր սուվերեն տեղեկատվական տարածքը գոնե հանրային մուլտիպլեքսում». Տիգրան Հակոբյան

Սեպտեմբեր 17,2020 17:46

«Մենք այս օրենքով գծել ենք մեր սուվերեն տեղեկատվական տարածքը գոնե հանրային մուլտիպլեքսում»,- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին:

Տիգրան Հակոբյանը հայտնեց՝ ըստ նոր օրենքի՝ վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը պետք է մշակի ու հրապարակի նոր կարգ, ընթացակարգ, ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, չափորոշիչներ: Որոշ աշխատանքներ արդեն կատարվել են:

Մինչ նոր օրենքի հետ կապված հարցերի քննարկումը՝ հեռարձակողներին հանձնվեցին հեղինակազորման վկայագրերը: Այս առիթով Տիգրան Հակոբյանն ասաց. «Հեղինակազորման նոր ինստիտուտն է, որը նորմալ, ազատական ինստիտուտ է: Որոշեցինք բոլորի ներկայությամբ հանձնել առաջին հեղինակազորման վկայագրերը: Ամենազարմանալին և օրինաչափն այն է, որ առաջին մի քանի հեղինակազորման հայտերը եկել են մարզային հեռուստաընկերություններից, որոնք աշխատում են բավականին ծանր վիճակում, որոնք միշտ հոգատարության կարիք ունեն»:

Անդրադառնալով նոր օրենքին՝ Տիգրան Հակոբյանն ասաց. «Այս օրենքը նրանով է լավ, որ եթե նախորդը հնացած էր, միայն հեռարձակման մասին էր, այս նորը մոդուլային է, և այս ամիսների կամ տարիների ընթացքում թույլ է տալիս բլոկներն ավելացնել և ճիշտ հայեցակարգ ներկայացնող օրենք դարձնել: Այն համապատասխանում է ներկա տեխնոլոգիաներին»:

Տիգրան Հակոբյանը նաև նշեց, որ օրենքն ունի որոշ անկատարություններ, անճշտություններ, որոնք աշխատանքային խմբի հետ համատեղ կփորձեն շտկել, լրացնել այն, ինչն այս օրենքում պակասում է: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ ձեռքբերում է այն, որ օրենքը հստակ տարանջատում է հեռարձակողներին այլ ծառայություններ մատուցողներից, օրինակ՝ նույն ցանցային օպերատորներից, իսկ նախկին օրենքով նույնացվում էին:

Տիգրան Հակոբյանը պարզաբանեց. «Որպես հեռարձակողներ մնացել են մաքուր հեռուստատեսությունն ու ռադիոն: Այս օրենքով ազատականացվել է ռադիոհաճախականությունների դաշտը: Առաջ, եթե օրենքով սահմանված էր, որ պիտի ունենանք Հայաստանում ընդամենը 18 ռադիոընկերություն, ապա այսօր մենք, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստանալով ազատականացման հաճախականությունները, մրցույթ կհայտարարենք: Ամեն մարզ կունենա մի քանի ռադիոընկերություն, որը շատ կարևոր է տեղական բովանդակություն սփռելու համար: Հստակեցվել են սահմանումները՝ ինչ է մանկական հաղորդումը, ինչ է լրատվականը, առաջ խառնաշփոթ էր, և մենք մեր մոնիտորինգում չէինք կարողանում ոչ մի բան առանձնացնել: Հիմա հստակ կան սահմանումները, չափորոշիչներն ընդունել ենք: Մենք այս օրենքով գծել ենք մեր սուվերեն տեղեկատվական տարածքը գոնե հանրային մուլտիպլեքսում: Դրանով երկու խնդիր ենք լուծել՝ ապահովել ենք, որ հանրային մուլտիպլեքսում լինի մեր տեղական, պետության օրակարգը ձևավորվի ՝անկախ դիմադիր է, ընդդիմադիր, այս իշխանություններին կոշտ քննադատող է, թե պաշտպանող: Ամենաքիչը երկու սլոթ է ավելանում մայրաքաղաքում, որը կօգտագործվի հեռուստաընկերությունների համար: Այսինքն՝ նվազագույնը երկու նոր խաղացող մենք կունենանք: Ինչ-որ չափով կանոնակարգվել է բովանդակային մասը»:

Տիգրան Հակոբյանը շեշտեց՝ այս օրենքի շնորհիվ ինչ որ չափով կնվազեն ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները: Նաև տեղեկացրեց՝ նվազել են տուգանքները:

Տիգրան Հակոբյանը նաև հայտնեց, որ երեկ ավարտել են մշտադիտարկման նոր համակարգի տեղադրման աշխատանքները:

Հեռարձակման ոլորտի ներկայացուցիչները մի շարք հարցեր բարձրացրին՝ օրինակ՝ թեմայի ընտրության, լրատվական հաղորդման բովանդակության հետ կապված և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930