Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) հրավիրված քննարկմանը հեռարձակողների հետ քննարկվեցին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի դրույթներն ու դրանից բխող պահանջները: Այնուհետև այն կազմակերպություններին, որոնք ուզում են մասնակցել հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթին, հանձնաժողովի անդամները խորհրդատվություն տվեցին մրցութային հայտերի պատրաստման հետ կապված: Ներկայացվեց մրցութային կարգը, ինչպես պետք է աշխատել մրցութային փաթեթը ներկայացնելու համար: Հեռարձակողները բարձրացրին մի շարք հարցեր հայտերի ներկայացման, մրցույթի անցկացման, մրցակցային պայմանների մասին:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ վաղը հայտարարելու են սլոթերի 12 մրցույթ. կարգն արդեն ընդունել են:
Խոսելով մրցութային հայտի ներկայացման մասին՝ Տիգրան Հակոբյանն ասաց. «Նստած 2010-ի առաջարկությունների փաթեթներն էի նայում: Ինչ ասես՝ չեն գրել. կարծես Աստծո խոսքն են քարոզելու: Խնդրում եմ նման բաներ չգրել, չբացատրել՝ ինչ է հեռուստաընկերությունը: Գրեք այն, ինչ ուզում եք անել, ինչպես եք պատկերանում ձեր հեռուստաընկերությունը: Գրեք ցույց ենք տալիս շոուներ, ցույց ենք տալիս սերիալներ, բայց մի ապակողմնորոշեք, անկեղծ գրեք»:
Կարդացեք նաև
Աշխատանքային քննարկման ընթացքում Տիգրան Հակոբյանը պարզաբանեց, թե ինչպես ներկայացնել հայտը, տեսլականը, էթիկայի կանոնագիրը: Այնուհետև հավաստիացրեց. «Մենք որևէ ձևով չենք ուզում խոչընդոտել հեռարձակողների աշխատանքը: Այս կարգավորումները դրա համար են, որ տեսնենք՝ ստեղծվել է մի համակարգ, որ կարողանում եք ՀԿ-ների միջոցով, ձեր այդ էթիկայի կանոնագրքով լուծել այդ հարցը, շատ ուրախ կլինենք, որ այդ հարցում չներգրավվենք»:
Խոսելով մամուլում տարածված լուրերի մասին, թե մրցույթների անցկացման նկատմամբ հանրային անվստահություն կա, Տիգրան Հակոբյանն ասաց. «Մենք առավելագույնս թափանցիկ, վստահելի ենք: Եթե նկատել եք, մենք ուղի անցած մարդիկ ենք, մենք մեր անունը չենք ուզում արատավորել: Նաև նշեմ, որ մենք ծրագրեր ուսումնասիրող ենք, ոչ թե գրող: Օգնել ծրագիրը գրելու համար չդիմեք ոչ աշխատակազմին, ոչ հանձնաժողովի անդամներին: Եվ համոզված եղեք՝ ցանկացած խորհրդատվություն, առաջարկ, պարզաբանում ստանում են մեզ բոլոր դիմողները: Խորհրդատվությունը լինում է միայն հանձնաժողովի տարածքում, որևէ այլ օգնություն՝ մեկը մեզնից գա, ես գնամ հեռուստաընկերությունում նստեմ, սկսեմ, օգնելը, դա կոպիտ խախտում է: Մենք բոլորս պայմանավորվել ենք, և խնդրում եմ ոչ մեկին այդպիսի առաջարկներով չգայթակղել: Բոլորը հավասար են մեզ համար, բոլորին օգնելու ենք: Ցանկացած հարցով դիմեք, բայց ծրագիր գրել, վերջում նայել՝ սա սխալ է, սա ճիշտ, նման բաներ մի արեք»:
Տիգրան Հակոբյանը նաև նշեց, թե պետք չէ մամուլում տեղ գտած տեղեկությունները հիմք ընդունելով, որոնք իր բնորոշմամբ հաճախ «բստրած են» իրենց հալածյալի տեղ դնել: Այս առիթով նա ասաց. «Գրում են՝ ով պետք է մրցույթում ներկայացնի հայտ, ով պետք է հաղթի, ով պետք է զրկվի: Թողեք մամուլը, հարաբերությունները մենք ենք ու դուք »:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ