Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ․ Եվրոպայում կորոնավիրուսի շաբաթական դեպքերը գերազանցել են մարտին գրանցված ցուցանիշները

Սեպտեմբեր 17,2020 17:38

Եվրոպայում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերը շաբաթական կտրվածքով գերազանցել են մարտին գրանցված վարակվածության գագաթնակետի ցուցանիշները։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Հանս Քլուգեն, ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Համաձայն հաղորդագրության՝ անցյալ շաբաթ Եվրոպայում շաբաթական գրանցված դեպքերի թիվը հատել է 300 000-ի շեմը։ Եվրոպական երկրներից կեսից ավելին հայտնել է վերջին 2 շաբաթում ավելի քան տասը տոկոս աճի մասին։ 7 երկրում նոր դեպքերի քանակը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է։

«Գարնանն ու ամռան սկզբին մենք ականատես եղանք խիստ սահմանափակումների դրական հետևանքներին։ Մեր ջանքերը տվեցին իրենց պտուղները․ հունիսին մենք ունեինք վարակվածության ռեկորդային ցածր ցուցանիշ։ Սակայն սեպտեմբերի դեպքերը պետք է տագնապի  ազդանշան լինեն մեզ համար»,- ասված է Քլուգեի հայտարարության մեջ։

Նշելով, որ նման բարձր ցուցանիշները նաև բազմակողմանի թեստավորման արդյունք են, դրանք նաև վկայում են Եվրոպայում վարակի փոխանցման տագնապալի տեմպերի մասին։ «Եթե առաջ մենք հիվանդացության դեպքեր էինք գրանցում բարձր տարիքային խմբերում՝ 50-64, 65-79 տարեկան, ապա սեպտեմբերի առաջին շաբաթը նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 25-49 տարեկաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը առանձնացրել է իր ուղերձի 3 հիմնական կետ։

«Առաջինը․ ես կոչ եմ անում ակտիվացնել բոլոր եվրոպական  երկրների կոլեկտիվ ջանքերը։ Ճգնաժամի դեմ պայքարը շատ արդյունավետ է եղել, սակայն վիրուսն ամեն անգամ տարածվել է, երբ գործը հասել է ապատեղեկատվությանն ու կողմնակալությանը։

Իմ երկրորդ ուղերձը վերաբերում է մեր ունեցած գիտելիքների ճիշտ օգտագործմանը։ Մենք գիտենք, որ մեզ հիվանդանոցներ և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ են պետք։ Անհրաժեշտ են անձնական  պաշտպանության միջոցներ։ Մենք պետք է պաշտպանենք մեր բուժաշխատողներին ու ծերանոցներում գտնվող տարեցներին։

Պետք է հասկանանք, որ 14-օրյա կարանտինը գործող միջոց է, սակայն ես կոչ եմ անում տարածաշրջանի երկրներին փորձագետների հետ գիտական ուսումնասիրություններ անցկացնել և դիտարկել 14 օրը անվտանգ կրճատելու հնարավորությունները։ Կարանտինի հայեցակարգը պետք է պաշտպանված մնա։

Եվ իմ երրորդ ուղերձը վերաբերում է հոգնածությանը։ Ճգնաժամը հոգնեցնում է, դա բնական երևույթ է։ Դա պետք է հասկանալ, ընդունել և լուծել  այդ խնդիրն այնտեղ, որտեղ այն վտանգ է ներկայացնում»,- ասել է Քլուգեն։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930