«Եթե մենք չստանանք բոլորի մասով մեղադրական դատավճիռներ, անպայման գնալու ենք Եվրոպական դատարան, որովհետև սա աբսուրդ է, սա անպատժելիության հետևանք է»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր ծանրորդ Արմեն Ղազարյանի պնդմամբ՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։
Արա Ղարագյոզյանը վստահեցրեց՝ այս անգամ որևէ մեկը չի պլստալու. «Մինչև վերջ, մինչև Նոր Նորքի ոստիկանապետ այս ամենի համար պետք է պատասխան տան, մեր կառավարության համար հետևություններ լինեն»: Փաստաբանը հայտնեց՝ դեպքից հետո ճնշումներ են եղել տուժողների վրա և նշեց. «Այս անձինք պետք է անհապաղ կալանավորվեն: Ոստիկանության ծառայողական քննությունն ընդհանրապես տեղին չէ, որովհետև պետը և այդ բաժնի բոլոր աշխատակիցները պետք է անհապաղ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Մինչև հիմա Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի պետը պետք է հրաժարական տված լիներ, քանի որ իր ոստիկանական բաժնում մարդկանց հոշոտման գործընթաց է տեղի ունեցել»:
Փաստաբանն ասաց, որ բռնության կիրառման ժամանակ Նոր Նորքի ոստիկանապետն այնտեղ է եղել՝ դեպքի վայրում և ոչ մի քայլ չի ձեռնարկել: Արա Ղարագյոզյանը նաև հայտնեց՝ Արմեն Ղազարյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել, նաև բավարար հիմքեր կան քրեական գործ հարուցելուց հետո այս անձանց կալանավորելու:
Կարդացեք նաև
Կատարվածի առիթով փաստաբանը նաև ասաց. «Տուժողը նշել էր, թե իրեն ինչ ձևով են բերման ենթարկել: Այսինքն՝ կարող է մի ամբողջ ոստիկանական բաժին ներգրավվել, անձնական խնդրով պայմանավորված՝ տանեն, բռնությունների, հոգեբանական ճնշումների ենթարկեն: Գործել է քրեական ենթամշակույթը: Հիմա պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ: Անձանց ծեծելուց հետո հայտնել են, որ տղան, եթե մտնում է ոստիկանական բաժին, ծեծված դուրս չի գալիս, ուրեմն գործ տվող է համարվում: Այս ամենին կարևոր է, որ վարույթն իրականացնող մարմինն անդրադառնա: Ոչ միայն գործ ունենք խոշտանգման հետ, այլև քրեական ենթամշակույթի տարածման, որը տիրում է Նոր Նորքի ոստիկանական բաժնում: Սա հերթական խայտառակ դեպքն էր: Իրականում չէի ուզում հավատալ, որ սա տեղի է ունենում հեղափոխությունից հետո, նույնիսկ հեղափոխությունից հետո էլ էինք խոշտանգումներ տեսնում, բայց երբ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անձանց տանում են բաժին, դաժան ծեծի ենթարկում, դա աբսուրդ է: Մենք պայքարելու ենք»:
Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Արմեն Ղազարյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն և Հատուկ քննչական ծառայություն։
Տուժող Արմեն Ղազարյանի պաշտպան, փաստաբան Աստղիկ Պապիկյանը հայտնեց, որ դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին: «Մինչև այն պահը, որ իմ կողմից նախապատրաստվել են բողոքներ, դիմումներ, հաղորդումներ, հղվել ՀՀ-ում գործող պատկան մարմիններին, որևէ գործողություն չի ձեռնարկվել: Թեկուզ ձևական ծառայողական ընթացակարգը չի պահպանվել, նյութեր չեն նախապատրաստվել: Հինգ- վեց օր հետո միայն, երբ մենք պատկան մարմիններին բարձրաձայնել ենք այդ հարցի մասին, դրանից հետո են միայն ծառայողական քննություն իրականացրել: Դա խոսում է այն մասին, որ այդ օրերին ոստիկանության աշխատակազմը՝ պետի գլխավորությամբ, փորձել է ազդել Արմեն Ղազարյանի վրա, որ նա հերքի իր կողմից դիմումը և ԲԿ-ին տված հայտարարությունը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում նրան որևէ վտանգ չի սպառնա, այսինքն՝ խոսքը սուտ մատնության մասին է եղել: Տեսնելով՝ չի հաջողվում՝ նրանք փորձել են այլ մեթոդների դիմել: Նախաքննական գաղտնիքը պահպանելու նկատառումներից ելնելով՝ դրանց մասին չեմ խոսի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի