Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հետաքրքրվեց՝ բուհում դասախոսների մոտ գրանցվե՞լ են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր, որովհետեւ թեեւ համալսարանի գիտխորհրդի որոշմամբ՝ բակալավրիատի եւ մագիստրատուրայի բոլոր կրթաձեւերում դասախոսությունները պետք է առցանց անցկացվեին, սակայն, մեր տեղեկություններով՝ դասախոսները այցելում են համալսարան:
ՀՊՏՀ լրատվականից հաստատեցին, որ համալսարանում արձանագրվել է նման դեպք, որի մասին ՀՊՏՀ-ն պատշաճ ծանուցել է Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիային, ու ստացված բոլոր ցուցումներն իրականացվում են: Նաեւ պատճառաբանեցին, որ որևէ այլ տեղեկատվություն չեն կարող հաղորդել, քանի որ դա պարունակում է մարդու անձնական կյանքին առնչվող տեղեկատվություն:
Aravot.am-ի տեղեկություններով, տնտեսագիտական համալսարանում հատկապես ավագ տարիքի դասախոսների շրջանում դեպքեր են գրանցվել կամ խնդիրներ առաջացել, ոմանք մեկուսացած են, վարակակիր են կամ ներկայումս բուժվում են հիվանդանոցում:
Փիլիսոփայության եւ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարիետա Նիկողոսյանը, որն այս պահին երկկողմանի թոքաբորբ ունի, չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, ասաց, որ հիվանդանոցում է եւ չի ուզում խոսել: Մեր տեղեկություններով՝ նա հոսպիտալացվել է 3 օր առաջ:
Կարդացեք նաև
Բարձագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Արկադի Հայրապետյանը հաստատեց, որ հիվանդացել էր, այժմ առողջացման փուլում է եւ մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Ինչ վերաբերվում է առկա եւ առցանց դասերին, այս մասին էլ նշեց. «Առաջին կուրսում պետք է առկա լիներ կրթությունը, հետո առցանց է դառնալու»:
Aravot.am-ի տեղեկություններով՝ արդեն քանի օր է ի թիվս այլոց, մեկուսացած է նաեւ Մարքետինգի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը: Պարոն Մկրտչյանի հետ կապվել չհաջողվեց:
Ավելի վաղ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հաստատել էր ուսանողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ