Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական կաշին փրկելու համար մեղքն այլոց վրա մի գցեք». Աշոտ Անդրեասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Սեպտեմբեր 17,2020 15:57

ԲՀԿ երիտասարդական միությունն այսօր ցույց էր իրականացնում ԿԳՄՍ նախարարության առջեւ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Դուք իշխանության գալուց ասում էիք, որ եթե ժողովուրդը դեմ լինի, ինքնակամ կլքեք պաշտոնը, բայց երեկ, ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ թքած ունեք ժողովրդի վրա եւ ձեզ իշխանությունից կարող է հեռացնել միայն ձեր քաղաքական թիմը: Այսինքն, իշխանության գալով դուք խաբել եք ժողովրդին եւ ծաղրում եք հարյուրավոր երիտասարդների՝ ձեր հակահայ քաղաքականությամբ»,- հայտարարեց ԲՀԿ երիտմիության ղեկավար Աշոտ Անդրեասյանը՝ հավելելով, որ այս ամենի պատասխանատուն ոչ միայն Արայիկ Հարությունյանն է, այլ ՀՀ վարչապետը, ողջ կառավարությունը: Բայց ցույցի ընթացքում հնչեցին՝ «Արայիկ, հեռացիր» կոչեր:

Young members of the Prosperous Armenia Party demand the resignation of Minister Arayik Harutyunyan in front of the Ministry of Education, Science, Culture and Sport

Աշոտ Անդրեասյանը նաեւ ասաց, որ այս ցույցը նախազգուշացում էր եւ սպառնաց, որ իրենց պահանջների չիրականացման պարագայում, ցույցերն ամենօրյա ռեժիմով կլինեն:

Լրագրողները ԲՀԿ երիտթեւի ղեկավարի հետ զրույցում նկատեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր սատարումն է հայտնել ԿԳՄՍ նախարարին եւ հետաքրքրվեցին՝ այդ պարագայում անիմաստ չի՞ դառնում վերջինիս հրաժարականի պահանջը: «Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, ով իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, հայոց եկեղեցին արժեզրկել է, սատանայական խմբերին գումարներ է տրամադրում, որպեսզի մետրոներում, անհասկանալի, Աստծուն դեմ հայտարարություններով եւ կոչերով հանդես գան, եթե փորձում է այնպես անել, որ դպրոցներում, երեխաները 2-3-րդ դասարաններից անցնեն սեռական կրթություն, հայոց եկեղեցի առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի եւ միացվի հայոց պատմությանը, եթե մեր նախարարը կարողանում է ինչ-որ մարզի ժողովրդին անտեղի վիրավորել՝ մեղադրելով մի բանում, որը որ ժողովուրդը չի արել եւ այդ ամենին Նիկոլ Փաշինյանը սատարում է, աջակցում է, ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը»,-ասաց Աշոտ Անդրեասյանը:

Young members of the Prosperous Armenia Party demand the resignation of Minister Arayik Harutyunyan in front of the Ministry of Education, Science, Culture and Sport

ԲՀԿ-ական երիտասարդները, ըստ բանախոսի, խելք ունեն եւ գիտակցում են, որ առանց բարձրագույն իշխանության հովանավորչության, Արայիկ Հարությունյանը չի կարող գործել: Իրենց համար պարզ է, որ նրա գործունեությունը վարչապետի կողմից է հովանավորվում. «Եթե այդպես է, եթե Նիկոլ Փաշինյանը աջակցում է մեր երկրում այլասերմանը, ես ասում եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էլ ենք պահանջում»:

Young members of the Prosperous Armenia Party demand the resignation of Minister Arayik Harutyunyan in front of the Ministry of Education, Science, Culture and Sport

Լրագրողներից մեկի մեկ այլ դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանը, վերջերս Հ1-ին տված իր հարցազրույցում պարզաբանել էր, որ կրթական բարեփոխումների դրույթներ, այդ թվում սեռական դաստիարակության դրույթը, ծրագրերում եղել է դեռ 1998 թվականից, ԲՀԿ երիտթեւի ղեկավարն այսպես արձագանքեց. «Պետք չէ մեղքը բարդել 1998, 2005 կամ 1991 թվականների վրա: Ցանկացած նախարար պետք է պատասխան տա իր գործունեության համար»: Աշոտ Անդրեասյանը նաեւ հիշեցրեց, որ իշխող ուժի պատգամավորները, ավագանու անդամները քանիցս հայտարարել են, որ աջակցում են այն ծրագրին, որ իրականացվում է նախարարության կողմից, իսկ դա նշանակում է, որ իրենք ճիշտ են, իրենց պայքարն էլ արդարացի ու «սեփական կաշին» փրկելու համար պետք չէ մեղքն այլոց վրա բարդել:

Young members of the Prosperous Armenia Party demand the resignation of Minister Arayik Harutyunyan in front of the Ministry of Education, Science, Culture and Sport

ԲՀԿ-ական երիտասարդները, ըստ երիտթեւի ղեկավարի, պայքարելու են այնքան, մինչեւ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Պայքարի մարտավարության եւ մեթոդների մասին փակագծեր չեն բացում: Իսկ հետագա քայլերի, այդ թվում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող այլ ուժերի հետ համագործակցության մասին ցույցերի ժամանակ կհայտարարվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930