«Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն, ԱՆ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:
«Ես արդեն հարցաքննվել եմ, ասել եմ՝ չեմ ընդունում էդ մեղքը»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու է վերականգնել վնասը, Սմբատ Դաղբաշյանը պատասխանեց. «Դե հիմա հաշվարկել են, նաղդի մեղքը չեմ ընդունում, էդքան բան»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իսկ ո՞վ է չարաշահումները թույլ տվել, պարոն Դաղբաշյանը պատասխանեց, որ չի կարող ասել, շատ հարցեր կան, որոնց չի կարող պատասխանել. «Մեղքը չեմ ընդունում, ուղղակի ավելի հանգիստ լինելու համար, որ որեւէ խնդիր չառաջանա, քննվի ու պարզ դառնա»:
Սմբատ Դաղբաշյանն ասաց՝ տեղեկություն չունի՝ ով է իր դեմ այս գործով ցուցմունք տվել, կա՞ն արդյոք բողոքող աշխատակիցներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ