Եկմալյանի 4-16 շենքերի բնակիչներն այսօր էլ կառավարության առջեւ էին՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների հարցը: Բնակիչներին լուրեր են հասել, որ օլիգարխներից մեկն աչք ունի տարածքի վրա, որտեղ իրենց բերած ներդրողը ցանկացել է բնակելի շենք կառուցել, սակայն քաղաքապետարանը մերժել է:
«Օլիգարխին ասում եմ՝ թաթերդ կկտրեմ: 15 տարի սպասել ենք՝ էլի կսպասենք, թաթիկները կկտրենք այն օլիգարխի, որն այդ տարածքի վրա աչք ունի»,-ասաց Անի Խուդավերդյանը:
Նրա խոսքով, մեկ տարի առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետն իրեն ակնարկել է վաճառել պայմանագիրը. «Ինձ պարոն Մեսչյանը մեկ տարի առաջ, մի հանդիպման ժամանակ զգուշացրեց, ես գլխի չընկա: Նա ինձ կանչեց երեկոյան ասաց՝ վաճառի, դա ի՞նչ է նշանակում: Եթե իրենց մեջի մարդն է ասում վաճառի եւ տվեց գնորդի անունը, դա նշանակում է՝ իրենք մեզ միտումնավոր զզվեցնում են, դիտավորյալ հետաձգում են, որ թուլացնեն ներդրողին, որովհետեւ շենքը լինելու է այդ տարածքում: Ներդրողը պատրաստ է կառուցել եւ հատկացնել մեզ բնակարաններ, սակայն քաղաքապետարանը չի թողնում»:
Եկմալյանցիները վրդովված են, որ որեւէ պաշտոնյա չի ընդունում, չի լսում պահանջները եւ որեւէ ռեալ պատասխան չեն տալիս. «Նախկինները գոնե մարդկանց ընդունում էին, գոնե նամուսով էին խաբում, սրանք ընդհանրապես թքած ունեն ոչ միայն եկմալյանցիների, այլեւ ողջ ազգի վրա: Այս նորերը գալիս են, հերթական սուտն ասում ու թռնում են: Ասում են՝ բանակցում ենք, եթե դուք ազնիվ ու մաքուր եք, իջեք ներքեւ, ասեք բանակցում ենք այսինչ մարդու հետ: Ասեք ձեր բերած ներդրողը լավը չէր, մենք մեր ներդրողն ենք բերում»:
Կարդացեք նաև
Մատնացույց անելով կառավարության շենքը՝ Անի Խուդավերդյանն ասաց. «Սա դիահերձարան է, որտեղից որեւէ մեկը չի արձագանքում: Նրանք չեն եկել այստեղ հարց լուծելու համար, եկել են իրենց լկտի ծրագրերն իրականացնելու, կլորիկ գումար ստանան ու հեռանան: Եթե ուզեին՝ վաղուց լուծել էին այս խնդիրը: Գումարներ կան»:
Հիշեցնենք, որ Եկմալյանի բնակիչներն արդեն տասը տարուց ավելի բողոքի ցույցեր են անում, սակայն նրանց խնդիրը ո՛չ նախկին ո՛չ էլ ներկա իշխանությունները չեն լուծում: Եկմալյանցիների տները իրացրել են՝ բնակիչներին թողնելով անտուն: Նրանցից ոմանք այս տարիների ընթացքում մահացել են, մի մասն էլ անտուն է, վարձով է բնակվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ