Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երիտասարդներին ընձեռված են՝ մեծանալով արդյունավետ չափահաս դառնալու համար անհրաժեշտ հնարավորությունները՝ շնորհիվ նրանց մանկության և դեռահասության ընթացքում առողջության և կրթության մեջ կատարվող շարունակական ներդրումների, ասված է Համաշխարհային բանկի Մարդկային կապիտալի համաթվի (ՄԿՀ) թարմացված տարբերակում, որով չափվել է աշխարհում մարդկային կապիտալի արդյունավետությունը մինչև համավարակը։ Սակայն Քովիդ-19 համավարակը վտանգում է մինչ այժմ գրանցած արդյունքները, քանի որ կառավարությունները մեծ ճիգերի հաշվին են պահպանում առողջապահական ու կրթական ծառայությունները՝ հանրային առողջության պաշտպանությանը միտված սահմանափակումների, այդ թվում՝ դպրոցների փակման պայմաններում։
«ՄԿՀ 2020»-ում ընդգրկված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 48 երկրներից 33-ն աշխարհի վերին երեսուն տոկոսի, և գրեթե բոլորը՝ լավագույն կեսի շարքում են։ Ներկայացված բացահայտումները հիմնականում համապատասխանում են տարածաշրջանում երկրների համեմատաբար բարձր եկամուտներին, որոնցից ավելի հարուստներն ի վիճակի են ավելի մեծ ներդրումներ կատարել հիմնական կրթության և առողջապահական ծառայություններում, քան աղքատ երկրները։ Բայցևայնպես, տարածաշրջանի երկրների միջև զգալի տարբերություններ կան։ Տարածաշրջանի կայացող և զարգացող տնտեսություններից Լեհաստանում ծնված երեխան կարող է ակնկալել հասնել լիարժեք կրթություն ստացած և օպտիմալ առողջական վիճակում գտնվող չափահասի արտադրողականության 75 տոկոսին։ Եվ հակառակը, Տաջիկստանում ծնված երեխան կարող է ակնկալել հասնել միայն 50 տոկոս արտադրողականության։
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարությունները կարողացել են ճիշտ որոշել ներդրումային առաջնահերթություններն առողջապահության և կրթության ոլորտներում, որոնք աճի և զարգացման առանցքային շարժիչներն են։ Քովիդ-19-ի առաջացրած մարտահրավերները, սակայն, է՛լ ավելի լուրջ արձագանք են պահանջում քաղաքականության հարթությունում, այդ թվում՝ տեխնոլոգիաների ավելի լայն կիրառություն ծառայությունների մատուցման բարելավման ու սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնման նպատակով, որպեսզի մարդիկ ստանան որակյալ կրթություն և բուժօգնություն»,- նշել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։
Այս տարվա զեկույցում ներառված է 2010 թվականից մինչև 2020 թվականը 103 երկրներում մարդկային կապիտալի զարգացման տասնամյա վերլուծություն։ Ալբանիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը առողջապահության և կրթության մասով լավագույն առաջընթաց գրանցած 10 երկրների շարքում են աշխարհում։
Կարդացեք նաև
Համաշխարհային բանկն օգնում է կառավարություններին երկարաժամկետ լուծումների մշակման հարցում, որոնք կձևավորեն ավելի դիմակայուն, ներառական տնտեսություններ հետհամաճարակային շրջանում։ Այդպիսի աշխատանքի օրինակ է Ուկրաինան, որտեղ Համաշխարհային բանկը հզորացնում է երկրի առողջապահության ոլորտի արձագանքը Քովիդ-19-ին, ներառյալ 40 հիվանդանոցների շտապօգնության ստորաբաժանումների և կաթվածի բաժանմունքների արդիականացում և հազարավոր ուկրաինացի բժիշկների վերապատրաստում։ Թուրքիայում Համաշխարհային բանկն օժանդակում է հեռուստատեսային և թվային բովանդակության մշակմանը՝ դպրոցները բացելուց հետո խառը ուսուցման անցնելու նպատակով։
Տարածաշրջանի ձեռքբերումներն առողջապահության բնագավառում
Ընդհանուր առմամբ, առողջապահության բնագավառում տարածաշրջանի արդյունքները համեմատաբար լավն են՝ ըստ համաշխարհային ստանդարտների։ Անցած 10 տարվա ընթացքում երեխաների մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, և այստեղ ամենալավ բարելավումների արձանագրում են կատարել Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքիան։ Նույն կերպ՝ էականորեն նվազել են երեխաների թերաճի ցուցանիշները, հատկապես, Ալբանիայում, Ադրբեջանում, Հյուսիսային Մակեդոնիայում և Թուրքիայում։
Չափահասների մահացության ցուցանիշը ևս զգալիորեն նվազել է, և այստեղ ամենալավ բարելավումների արձանագրում են կատարել Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան։ Այդուհանդերձ, չափահասների մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ մի շարք երկրներում։
Տարածաշրջանի ձեռքբերումները կրթության բնագավառում
Հիմնական կրթության բնագավառում տարածաշրջանային արդյունքների պատկերը խառն է, թեև տարածաշրջանն, ըստ գլոբալ ստանդարտների, լավ է աշխատում։ Անցած տասնամյակում ավելացել է ուսման ակնկալվող տարիների թիվը, և այստեղ ամենամեծ առաջընթացն ունեցել են Ադրբեջանը, Ալբանիան, Մոնտենեգրոն, Լեհաստանն ու Ռուսաստանը, ինչը հիմնականում պայմանավորված է հանրակրթությունում և նախադպրոցական կրթությունում ընդգրկվածության բարելավմամբ։ Այդուհանդերձ, «ուսման ակնկալվող տարիներ» ցուցանիշը նվազել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Բուլղարիայում, Մոլդովայում, Ռումինիայում և Ուկրաինայում։
Անցած տասնամյակի ընթացքում տարածաշրջանում կրթության որակը, միջինում, չի լավացել։ Կրթության ոլորտի անկում ունեցած երկրների շարքում են Բուլղարիան և Ուկրաինան։ Կրթության որակը լավացրած երկրներից են Ալբանիան, Մոլդովան և Մոնտենեգրոն։
ՄԿՀ զեկույցում կա հորդոր՝ լավացնելու տվյալների չափումները ողջ աշխարհում, որպեսզի քաղաքականության մշակման պատասխանատուները կարողանան օժանդակությունը հասցեագրել ամենակարիքավորներին։
Համաշխարհային բանկի ՄԿՀ-ն ուսումնասիրում է երեխայի հետագիծը՝ ծննդից մինչև 18 տարեկան, ուշադրությունը սևեռելով այնպիսի վճռորոշ ցուցիչների, ինչպիսիք են երեխայի ապրելու հավանականությունը (ծննդից մինչև 5 տարեկան), նախադպրոցական կրթությունում և հանրակրթությունում ուսման ակնկալվող տարիները՝ ճշգրտված որակով, երեխաների թերաճը և մեծահասակների ապրելիությունը։ 2020 թ․ ՄՀԿ-ն հիմնված է մինչև այս տարվա մարտ ամսի տվյալների վրա և ապահովում է մինչհամավարակային փուլի շատ կարևոր ելակետային տվյալներ, որոնք կարող են օգտագործվել հետհամավարակային վերականգնման ուղղված առողջապահական և կրթական քաղաքականությունների և ներդրումների համար։
Համաշխարհային բանկ