Լրահոս
Օրվա լրահոսը

«Կստուգվի՝ պաշտոնյան կամ իր ընտանիքը կապ ունե՞ն օրենքով գողերի հետ, դիմե՞լ են նրանց, թե ոչ». նախարար

Սեպտեմբեր 17,2020 14:05

«Ի՞նչ գործիքակազմով պետք է պարզվի՝ պաշտոնյան կապ ունի՞ քրեական ենթամշակույթի հետ»,-ԱԺ նիստում այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով պաշտոնյաները 2 միլիոն դրամից սկսած ծախսերը պետք է հայտարարագրեն: Փաթեթը սահմանում է նաեւ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ստուգելու պաշտոնյայի՝ քրեական ենթամշակույթի հետ կապ ունենալու հանգամանքը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փաթեթի զեկուցող Ռուստամ Բադասյանը նշեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է դիմել իրավապահներին՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցով պարզելու երկու հանգամանք: Առաջինը գույքի փաստացի տիրապետումն է, երկրորդը՝ քրեական ենթամշակույթի հետ կապը: Քրեական ենթամշակույթի հետ կապի ստուգման նպատակով ստուգվելու է տվյալ անձի եւ ընտանիքի անդամների կապը՝ արդեն իսկ քրեական օրենսգրքով սահմանված «օրենքով գող» հասկացության անձանց հետ, անուղղակի շփումները, հեռահար հաղորդակցությունը, քրեական ենթամշակույթ կրողին որեւէ հարցով դիմած լինելու հանգամանքը: Դա, ինչպես պարզ է, կարող է ստուգվել բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների ճանապարհով»:

Թագուհի Թովմասյանը նկատեց՝ պաշտոնյաները երբեմն լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցնում են, որ կապ չունեն քրեական ենթամշակույթի հետ, եւ այդ հանգամանքը պաշտոնյայի բարեխղճությանը թողնելը ճիշտ չէ: Բադասյանն արձագանքեց՝ այս օրենսդրական փաթեթը հենց այդ խնդիրը լուծելուն է միտված:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930