Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային օրակարգը» պահանջում է կառավարության եւ իշխանության հրաժարականը. իշխանափոխության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է

Սեպտեմբեր 17,2020 13:53

«Ազգային օրակարգ» կուսակցությունը պահանջում է կառավարության եւ ամբողջ իշխանության հրաժարականը: Այսօր այս մասին կառավարության առաջ հայտարարեց կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Նրանք եկել էին՝ «Ձեռքներդ հեռու հայոց լեզվից, այո՛ հայ ինքնությանը», «Ձեռքներդ հեռու հայագիտական առարկաներից» ցուցապաստառներով:
«Կրթության բնագավառում թիրախավորված են հայի ինքնության հատկանիշները: Դա վերաբերում է Հայոց պատմությանը, ազգային դավանանքին, ռազմահայրենասիրությանը, հայ ընտանիքին եւ այլն: Մենք կարծում ենք, որ համաժողովրդական, համազգային գործողություններ պետք է լինեն հայի ինքնությունը պաշտպանելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արա Հակոբյանը:

Նրա խոսքով, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ քվեարկություն, որով իշխանությունները պաշտպանեցին ոչ այնքան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որքան այն ռազմավարությունն ու այն քաղաքականությունը, որն իրականացվում է կրթության ոլորտում:

Արա Հակոբյանն ասաց, որ միայն Արայիկ Հարությունյանի հեռացումը խնդրի լուծում չէ, ուստի, պետք է ամբողջ իշխանությունը հեռանա. «Առանձին անհատները կարող են գնալ, բայց խնդրի անհատական լուծումը նշանակում է ամբողջ իշխանության բոլոր պատասխանատուների հեռացումը՝ ինչպես կառավարության այնպես էլ՝ խորհրդարանի»:

Հարցին՝ հնարավո՞ր է համախմբում բոլոր այն ուժերի հետ, որոնք այդ խնդիրներով մտահոգ են, Արա Հակոբյանը պատասխանեց. «Մենք մի շարք անգամ հանդես ենք եկել հայտարարությամբ, որ պետք է Ազգային ծրագրերի եւ նպատակների շուրջ համախմբում լինի: Կարծում ենք, որ դա հնարավոր է եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կան քայլեր»:

Կուսակցության ներկայացուցիչը կարծում է, որ հնարավոր է փոփոխություն միայն այն դեպքում, եթե լինի քաղաքական հանրային ճնշում: Նրա խոսքով, այլ ոլորտներում նույնպես լուրջ խնդիրներ կան. «Մենք հիմա խոսում ենք կրթությունից, բայց այնպես չէ, որ չունենք ճգնաժամային իրավիճակ առողջապահության, տնտեսության սոցիալական ոլորտներում: Այդ ճգնաժամը լուծում է պահանջում եւ այդ լուծումը պետք է լինի արմատական: Իշխանությունն ամբողջովին պետք է հեռանա»: Արա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ զգալի անկում է ապրել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ է այս իրավիճակում պահանջել նոր ընտրություններ, երբ դա մեծ ծախսերի ու ցնցումների կբերի, Արա Հակոբյանն ասաց, որ հանրության մեջ կա լարում եւ այս իրավիճակում, եթե անեն արտահերթ ընտրություններ, այդ լարումները կարող են ավելանալ:

Հայտնեց, որ «Ազգային օրակարգն» ունի իշխանափոխության ճանապարհային իր քարտեզը, որպեսզի երկիրը հերթական անգամ ցնցումների չենթարկվի. «Մենք առաջարկում ենք լինի միջանկյալ փուլ եւ այն իր մեջ ներառի ազգային համաձայնության իշխանություն, որի նպատակը պետք է լինի մեղմել ճգնաժամի դրսեւորումները եւ նախապատրաստել արտահերթ ընտրությունների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ «Ազգային օրակարգի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930