Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը՝ Հարավային Կովկասում. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կարող է օրինակ ծառայել այլ տարածքների համար (տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2020 14:00

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) որպես բնապահպանական մոդել կարող է օրինակ ծառայել Կովկասի այլ տարածքների համար։

Այս մասին ասել է «BirdLife International» բնապահպանական գլոբալ ցանցի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի ցանցի զարգացման պատասխանատու Բրեխտ Ֆեղհելսթը /Brecht Verhelst/՝ խոսելով ապաստարանի ստեղծման կարևորության մասին։


Այս տարի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում:

Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը:

Բրեխտ Ֆեղհելսթը պատմել է․ «Ես առաջին անգամ այցելել եմ CWR 2017թ․-ի ձմռանը, երբ տարածքը ծածկված էր ձյունով։ Ես միանգամից տպավորվեցի, թե ինչպիսի արդյունք է գրանցել FPWC-ն այնտեղ։ Հիմնադրամը ստեղծել է առաջին մասնավոր պահպանվող տարածքը Հարավային Կովկասում՝ ունենալով մեծ աջակցություն տեղի համայնքների կողմից։ Հիմնադրամը հասել է այս արդյունքին՝ ձևավորելով մի շարք փոքր բիզնեսներ` զարգացնելով էկո-զբոսաշրջությունը, չրերի և մեղրի արտադրությունը, իսկ անտառապահները պայքարել են որսագողության դեմ, ինչը տարածված էր այդ շրջանում։ Հետագայում, ես աշխատանքի կամ անձնական նպատակներով բազմիցս այցելել եմ CWR և ունեցել եմ հնարավորություն ուսումնասիրելու իրապես տպավորիչ վայրի բնությունը, օրինակ՝ արջերի, լուսանների և թռչունների շատ հազվագյուտ տեսակների»։

Ապաստարանի ստեղծման հիմնական գաղափարը տեղի հարուստ կենդանական և բուսական աշխարհի, մշակութային արժեքների պահպանությունն է անմիջապես տեղաբնակների մասնակցությամբ։


CWR կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից մինչև Վայոց ձոր և Արցախ, իսկ անտառապահներ ներգրավվում են տեղի համայնքների բնակիչները։

Այսպիսով` կարևորվում է ոչ միայն նախագծի բնապահպանական բաղադրիչը, այլև՝ սոցիալական։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930