Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի՝ հոգեկան խնդիրների մասին գրառումը վերաբերում է Պետրոսյան Գեւորգին. Ալեն Սիմոնյանը վարչապետ-Ծառուկյան ֆեյսբուքյան «փոխհրաձգության» մասին

Սեպտեմբեր 17,2020 13:38

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան ֆեյսբուքյան «փոխհրաձգության» վերաբերյալ այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վարչապետը որեւէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի: Երկրորդը՝ ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում, վերաբերում է Պետրոսյան Գեւորգին, որի հետ կապված մամուլում, տարբեր տեղերում տեղեկություններ են պտտվել, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես, նաեւ՝ երբ որ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, այդ որոշումը կայացել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Եվ հիմա, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորվի: Նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենա ինչ-որ անուն նշել, կամ ավելի հստակ նշել»:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը գրառում էր արել. «Կարծում եմ, ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն էլ գրառում էր արել բռնաբարության հետ կապված, եթե նման բան գիտեիք, ինչու էիք Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, իսկ հաստատ չեմ սխալվում, այն տեղեկությունները պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել բռնաբարության համար եկեղեցու տարածքում, ինչպես նաեւ կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան ձեր նշած իրադարձությունները: Քրեական գործը եղել է ավելի վաղ, բայց դրա մասին որեւէ մեկը տեղեկություն չի ունեցել, չի հրապարակվել: Կա իրողություն, հեղափոխություն է տեղի ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ, բոլորն ունեցել են հնարավորություն սկսել մաքուր էջից ու ունեցել են հնարավորություն իմանալ իրենց «յորղանի» չափը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այդ գործի վերաբերյալ «Հայկական ժամանակն» առաջին անգամ գրել է դեռ 1999-2000 թվականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել