«Ես չեմ հանդուրժի, որ նման մոլագարները գտնվեն այդպիսի պատասխանատու համակարգում, որն ի սկզբանե ստեղծված է մեզ պաշտպանելու համար»,-«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր՝ ծանրորդ Արմեն Ղազարյանը: Նրա պնդմամբ՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։
Ըստ նրա՝ իր՝ նման իրավիճակում հայտնվելու համար չի եղել որևէ պատճառ: Նա պարզաբանեց. «Ես որևէ գործով վկա չեմ եղել, որևէ քրեական գործ հարուցված չէ իմ դեմ և ես որևէ օրինազանցության մեջ չեմ կասկածվում: Միակ պատճառ կամ առիթն այն է եղել, որ ես մեկ այլ քաղաքացու առևանգման հետ կապված պարզաբանումներ եմ պահանջել այդ մարդկանցից, որոնք կատարել են ծանր հանցագործություն և շուտով կպատժվեն»:
Անդրադառնալով այն հարցերին՝ եթե բռնության է ենթարկվել, ինչո՞ւ դեմքին չկան կապտուկներ, ծանրորդն ասաց. «Դեպքից արդեն անցել է տասն օր: Դեպքի հաջորդ օրը ես Էրեբունի բժշկական կենտրոնում անցել եմ հետազոտություն, վնասվածքները հաստատված են փաստաթղթերով, ունեցել եմ թոքի սալջարդ, կողոսկրերի փափուկ հյուսվածքների սալջարդ և այլն, բազմաթիվ կապտուկներ: Եվ վնասվածքներից հետո ես մինչև հիմա էլ դժվարությամբ եմ շնչում»:
Ըստ նրա՝ ոստիկանները տիրապետում էին ծեծի ենթարկելու այնպիսի տեխնիկայի, որ հետքեր չմնան. «Ինչքան էլ աբսուրդային է հնչում, բայց նրանք տիրապետում են տեխնիկայի, արդեն փորձառու են. չեն խփում մարդու դեմքին, գլխին, որ չմնան հետքեր: Օգտագործում են, իմ տրամաբանությամբ, լայն մակերեսով ինչ-որ գործիքներ, առարկաներ: Եվ մյուս ոչ պակաս կարևոր հարցն այն է, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի: Հենց սկզբից ուզում եմ նշել՝ ես երբևէ որևէ քաղաքական հոսանքի հետ կապ չեմ ունեցել, զբաղվել եմ սպորտով, մինչև օրս ծավալում եմ միայն հասարակական գործունեություն և Հայաստանի ծանրամարտի վարպետների ֆեդերացիայի նախագահն եմ»:
Կարդացեք նաև
Արմեն Ղազարյանը նաև հորդորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք հատկապես Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում ենթարկվել են բռնությունների, չլռեն. «Ես համարում եմ մեր բոլորի քաղաքացիական պարտքը պայքարել նրանց դեմ, արմատախիլ անել նման տարրերին մեր ոստիկանական համակարգից: Նրանք հանցագործներ են, կատարել են ծանր հանցագործություն իմ նկատմամբ այսօր, և եթե մենք լռենք, անպատժելիության զգացումից նրանք ավելի են կատաղելու: Սա կրկնվելու է մեր եղբայրների, քույրերի, երեխաների հետ: Անձամբ ես երբևէ չեմ հանդուրժի. նման մոլագարները իրավունք չունեն գտնվել այնպիսի պատասխանատու համակարգում, որն ի սկզբանե ստեղծված է մեզ պաշտպանելու համար»:
Հարցին՝ տեղեկություն ունե՞ն՝ ով էր այն անձը, ում առևանգել էին և ում նկատմամբ ոստիկանները բռնություն էին գործադրել, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Մյուս քաղաքացին, որին նույնպես առևանգել են, իմ ծանոթներից է: Նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար եղել է քրեականի բաժանմունքի աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթները՝ կենցաղային վեճից առաջացած: Այդ տղային նույնպես ծեծի են ենթարկել: Նրա կնոջ և քրեական բաժանմունքի աշխատակցի կնոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն, և նրանք որոշել են իրենց ամբողջ բաժնով առևանգել այս քաղաքացուն և տանել պատժել իրենց բաժնում: Նրանք կազմակերպված բանդա են, որ իրենց հաշվեհարդարները լուծելու համար օգտագործում են իրենց տրված լիազորությունները»:
Արմեն Ղազարյանը հայտարարեց՝ դեպքից հետո իր հետ կապ են հաստատել ոստիկանական բաժնի տարբեր աշխատակիցներ, տարբեր պաշտոններով, իր բնորոշմամբ՝ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով, թե արի, բացատրենք, հասկանանք. «Աբսուրդային է այն, որ բաժնի պետը, որը ներկա է եղել ծեծին, ինձ ասում է՝ ինչի դու այստեղ եղե՞լ ես: Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ ու վկաներ, որ ես եղել եմ այդ բաժնում: Ապացույցներն այնքան շատ են, որ այս հանցագործները չեն պատկերացնում, որ նրանք այս անգամ չպատժվելու շանս չունեն: Եթե տարիներ շարունակ նրանք մարդկանց խոշտանգել են, գտել են, որ դա իրենց որջն է, որ իրենց սադիստական կամ անձնական նպատակները կարող են իրականացնել, հիմա դրան վերջ է դրվելու: Իմ թիկունքին կանգնած է մի ամբողջ ազգ: Ես այս գործի մեջ մենակ չեմ»:
Հարցին՝ քանի՞ հոգի էին մասնակցում ծեծին, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Իմ մասով ես կասեմ, որ ես առնվազն երեք հոգու անուններ գիտեմ, մյուսներին դեմքերով կճանաչեմ: Այդ սենյակում ծեծի ենթարկողները հերթափոխվում էին: Թիվը, թե քանի հոգի են, ասեմ, հետևությունները կհասկանաք: Տպավորություն էր, որ այդ բաժանմունքում աշխատող որևէ ոստիկան, եթե գոնե մեկ հարված չհասցնի, ուրեմն իր համար անպատիվ քայլ է: Բոլորը՝ դռան կողքով անցնող բոլոր ոստիկանները, պարտադիր պիտի մտնեին ու միասնացնեին ծեծի: Այնքան էի կքանստած մնացել, մի անկյունում ինձ մտցրել ու շնչահեղձ էին անում: Դեմքերը տեսնել չէի կարող, ոտքերի թվով առնվազն քառասուն հատ ոտք եմ տեսել: Դրանից արդեն հասարակ մաթեմատիկայով կհասկանաք, թե քանի հոգի են եղել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի