«Karabakhrecords»-ի յութուբյան ալիքում հրապարակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նկարահանված «Սպանություն Քարվաճառում» փաստագրական ֆիլմը։
Վավերագրական ֆիլմը պատմում է 2014թ․ հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Քարվաճառ) 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մասին։
Ֆիլմում տեղ են գտել մինչև այժմ լայն հասարակությանն անհայտ վիդեոկադրեր և հանցագործության վերաբերյալ մանրամասներ, մահացած երիտասարդի հարազատների, վկաների և Արցախի պետական կառույցների ներկայացուցիչների հետ հարցազրույցներ:
Ֆիլմը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ռուսերեն տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է 2020 թ․ մարտի 16-ին Ստեփանակերտում կայացած միջազգային գիտաժողովի ժամանակ։ Հայերեն տարբերակը հուլիսի 24-ին ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։
«Սովորական ցեղասպանություն» նախագիծը իրականացվում է ՀՀ վարչապետի (նախկինում նախագահի) աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 2009թ․ նոյեմբերից ի վեր տարբեր լեզուներով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի, «Օղակ» գործողության, 2016թ․ Ապրիլյան պատերազմի մասին։
Նախագծի շրջանակներում երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատրաստվել են գրքույկներ, որտեղ ամփոփված են «Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակներում ներկայացված իրադարձությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև ստեղծվել է Karabakhrecords.info կայքը։ Հրատարակվել, վերահրատարակվել և թարգմանվել են մի շարք գրքեր:
Կարդացեք նաև
«Սպանություն Քարվաճառում» փաստագրական ֆիլմը
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ