«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Ազգային կրթությունը և առաջարկվող հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի բովանդակությունը» թեմայով։
Կոնֆերանսի մասնակիցները նշեցին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի մշակման գործընթացում ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք հայագիտական առարկաների և ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ, ակնառու է պատմական տվյալների խեղաթյուրում և հիմնավոր փաստարկների բացակայություն։ Ընդգծվեց, որ առարկայական առանձին ծրագրերում ներկայացված փոփոխությունները խորացնում են ապազգային միտումները, նպատակ ունենալով ստորադասել հայոց ինքնության առանցքային տարրերը՝ լեզուն, պատմությունը, մշակույթը և կրոնը՝ փոխարենը շեշտադրելով «ունիվերսալ» կրթության կարևորությունը։ Արձանագրվեց, որ արդիական կրթությունը պետք է ձևավորվի ազգայինի և համամարդկային լավագույնի համադրությամբ և ոչ երբեք հակադրությամբ կամ ենթակարգմամբ։
Կոնֆերանսի մասնակիցները իրենց վճռական անհամաձայնությունը հայտնեցին ազգային կրթության ոլորտում ՀՀ գործող իշխանությունների կողմից որդեգրած ռազմավարությանը և գործելաոճին: Շահագրգիռ քննարկման արդյունքում համատեղ որոշում կայացվեց ստեղծել ժամանակավոր աշխատանքային խումբ, նպատակ ունենալով իրականացնել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերջնականացման ու հաստատման գործընթացի շարունակական մշտադիտարկում, ինչպես նաև հասանելի բոլոր միջոցներով ապահովել ու նպաստել հայեցի ազգային կրթական բովանդակության ձևավորմանն ու պահպանմանը:
«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ