Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Այս մասին EFE-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին։ Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա պաշտպանել է խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ապրիլյան պատերազմը շատ բաներ ի ցույց դրեց։ «Նախկին այսպես կոչված ղեկավարը նահանջ էր կատարել մեր հիմնական սկզբունքներից, ու հիմա արտգործնախարարը բավականին հետաքրքիր հայտարարություն է անում։ Տարածքի կորուստ չպետք ունենանք, միայն իրավունքների ամրակայում։ Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է վերադառնալ խաղաղ բանակցություններին, թե՞ ոչ։ Ես կասեմ՝ եթե ճնշում չլինի, ոչ մի հարց էլ չի լուծվի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ Շիրինյանի՝ նախարար Մնացականյանն ամենևին էլ չի մատնանշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, խոսքը վերահսկող մեխանիզմների մասին է, ինչի անհրաժեշտությունը միշտ էլ եղել է։ «Այսպես ասեմ՝ հոգեբանական առումով Տավուշի գործողության արդյունքը պետք է ամրապնդվի, իսկ մեխանիզմների ներդրումը խիստ անհրաժեշտ է։ Մենք նահանջող վիճակում էինք, հիմա այնպիսի գործողություն արեցինք, որ այդ վիճակից դուրս եկանք։ Հիմա մեզնից է կախված՝ եթե լավ ճզմենք, Ադրբեջանն էլ կբանակցի։ Բոլոր դեպքերում բանակցությունները խաղաղության մթնոլորտ են ապահովում, եթե գերագույն նպատակը չի ամրապնդվում, խաղաղ գոյակցության վիճակ է ամրապնդում։ Բոլոր իմաստներով մեզ համար ձեռնտու է»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: