Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նման պայմաններում առհասարակ չէր կարելի շահագործել». գործազուրկ ծնողները բողոքում են, որ պարտեզները փակվում են նորոգման համար, քաղաքապետարանից հակադարձում են` վտանգավոր էին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 17,2020 11:28

Երեւանի մանկապարտեզներն այսօր աշխատում են շուրջ երեք անգամ ավելի փոքր խմբերով, նախակրթություն ստանալու հնարավորությունից զրկվել են չաշխատող ծնողների երեխաները: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը առավել կրճատվել է մի քանի նախակրթարանի՝ նորոգման նպատակով փակելու պատճառով: Որոշ դեպքերում դա ծնողների համար ստեղծել է փակուղային վիճակ, քանի որ աշխատանքը կորցրած ծնողները չեն կարողանում երեխայի խնամքի հետ մեկտեղ նոր աշխատատեղ գտնել, փորձաշրջան անցնել, իսկ նորածնի խնամքի արձակուրդում գտնվող ծնողները չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, քանի որ մանկապարտեզներն ընդունելություն չունեն:

Այս խնդիրների մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել են Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու ավագանու անդամ, «Մանկապարտեզը եւ երեխաները» ֆեյսբուքյան հարթակի համակարգող Աննա Ջավախյանը։

Հակոբ Կարապետյանը հաղորդեց, որ Երեւան քաղաքում այս պահին 11 մանկապարտեզ հիմնանորոգվում է համայնքի միջոցներով, եւս 12-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ. «Եթե այսօր հնչում են քննադատություններ, ինչպես Դուք եք ձեւակերպում, ես կասեի՝ դժգոհություններ, որ մանկապարտեզները վերանորոգման պատճառով փակվում են, եւ երեխաները զրկվում են նախակրթարան հաճախելու իրավունքից, երկու-երեք տարի հետո էլ դժգոհություն կլիներ, որ երեխաները հաճախում են հին սանհանգույցներով կամ հին վերանորոգմամբ մանկապարտեզներ՝ անհարմար եւ ոչ անվտանգ պայմաններում: Այնպես որ, ես կարող եմ հայցել համայնքի ծնողների ներողամտությունը, բայց պետք է նաեւ հասկանալ, թե հանուն ինչի է դա արվում»:

-Տիկին Ջավախյան, որպես «Մանկապարտեզը եւ երեխաները» հարթակի համակարգող՝ Դուք էլ տեսնում եք որքան բողոքներ կան առ այն, որ նորոգման պատճառով առավել կրճատվել են մանկապարտեզներում տեղերը եւ ծնողները կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ․ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր պետք հենց հիմա կազմակերպել այդ նորոգումները։ «Այն մանկապարտեզները, որոնց վերանորոգումն սկսվել է այս տարի, պիտի վերանորոգվեին անցյալ տարի, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ եղան, ու այդ մանկապարտեզների նորոգումը հետաձգվեց-մնաց այս տարվան»,- ասաց Ջավախյանը:

Ծնողները նշում էին, որ 20 ամիսը նորոգման աշխատանքների համար բավական մեծ ժամկետ է: «Բոլոր շենքերի նորոգումը չէ, որ 20 ամիս է տեւելու, նման ժամկետ կարող է միայն հիմնանորոգվող շենքերին վերաբերել: Շենքեր կային, որ խմբասենյակներում առաստաղից քարեր էին թափվում: Նման պայմաններում առհասարակ չէր կարելի շահագործել այդ շենքերը: Դրանք ամբողջությամբ պիտի քանդվեին, նորից շարվեին: Կարելի է ասել՝ նոր շենքեր են կառուցվելու: Այն մանկապարտեզները, որտեղ այդ բոլոր աշխատանքները պիտի տարվեն, ցավոք, դրանց նորոգումը երկար է տեւելու: Մանկապարտեզ կա կենտրոնում, որ մինչեւ հոկտեմբեր աշխատանքը վերջացնելու են, եւ որ պահին պատրաստ եղավ, միանգամից, ըստ մանկապարտեզի օնլայն հերթագրման ցուցակի, կհամալրի իր բոլոր խմբերը»,- ասաց Ջավախյանը՝ հավելելով, որ մանկապարտեզները նորոգվում են իրենց վերադարձված տարածքների հետ միասին եւ վերաբացվելուց հետո կարողանալու են ընդունել ավելի մեծ թվով խմբեր:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930