Խաղողագործները շարունակում են բողոքել խաղողի մթերման գներից։ Այս տարի խաղողի մթերման գինը կտրուկ նվազել է՝ դառնալով 130-135 դրամ, նախկին՝ 150-160 դրամի փոխարեն։ Մթերող ընկերությունները դա բացատրում են այս տարի աննախադեպ առատ բերքով, ինչպես նաև կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված տնտեսական ճգնաժամով, ապրանքի իրացման ծավալների նվազմամբ։ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է՝ խաղողի աննախադեպ բերք այս տարի չկա, կա միջինից բարձր բերք։
Ըստ Բերբերյանի՝ խաղողի մթերման գործընթացում առաջացած այս խնդիրներում գործարաններին էլ ինչ-որ տեղ մեղադրելու չէ, նրանք էլ դեռևս նախորդ տարվանից մնացած չիրացված ապրանք ունեն։ Ոլորտի մասնագետի խոսքերով՝ սա կառավարության կազմակերպչական մեծ սխալի հետևանքն է։
«Գինեգործները հիմնավորում են, որ նախորդ տարվա գինին չեն վաճառել։ Բայց կարծում եմ՝ պետությունը պետք է հասկանար, որ արտադրողին պետք է խթաներ ու ներքին սպառման շուկաներում՝ ռեստորաններում, սրճարաններում, ապահովեր գինու, կոնյակի սպառումը։ Դա էլ չարեցին, արտադրանքը մնաց պահեստներում։ Ես կզարմանայի, որ գործարանները այսօր հաճույքով խաղող մթերեին։ Դեռ անցած տարվա մշակված գինենյութը չեն վաճառել։ Իրենց էլ ինչ-որ մի տեղ մեղադրելու չէ։ Սա կառավարության կազմակերպչական մեծ սխալն է։ Մեզ մոտ բնագավառը հիշում են այն ժամանակ, երբ նեղն են ընկնում, խնդիր է առաջանում, մարդիկ ցույց են անում։ Մեզ մոտ ոչ թե կոշիկ են կարում, այլ կոշիկ են նորոգում։ Կամ էլ՝ խելքները չի հասնում, բնականաբար, արդյունքն էլ ունենք այն, ինչ ունենք»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Մեր զրուցակիցը մեկ այլ խնդիր ևս մատնանշեց, որը հանգեցրել է նման փակուղային իրավիճակի, ու նաև հիշեցրեց երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե գործարանները սպիրտի անվան տակ խաղողի մթերման ցուցանիշներ են ներկայացնում։
Կարդացեք նաև
«Շատ ծիծաղելու է, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գինու գործարանները զեղծարարությամբ են զբաղված։ Սպիրտը ձեռք են բերում ու ցույց տալիս որպես խաղողի մթերում։ Դրանով խաղողի մթերման բարձր ցուցանիշներ են գրանցվում։ Խաղողի շաքարայնությունը չի ֆիքսվում, կամ ֆիքսվում է այնքանով, որքանով գործարանների լաբորատորիաներն են ֆիքսում։ Գործարաններին ձեռք է տալիս բարձր շաքարայնությամբ բերք ընդունի, մեկ է՝ դա հարկայինում չի ֆիքսվում։ Իրենք սովոր էին բարձր շաքարայնությամբ ֆիքսել ու տոննայով ապրանք ցույց տալ։ Հիմա այս տարի, քանի որ ընդհանրապես մրգի շաքարայնությունը ցածր է, բնականաբար դա խնդիր է։ Պետք է հիշել, որ 1% շաքարը հավասար է 0,62 տոկոս կոնյակի սպիրտի։ Եթե առաջ մինչև 30 տոկոս շաքարայնությամբ խաղող էր ընդունում, այսօր մինչև 20 է ընդունում։ Դրա համար այստեղ կառավարությունը պետք է նորմատիվներ մշակեր։ Ոչ թե պետք է վճարվեին տոննայի համար, այլ շաքարայնությունն ու տոննան բանաձև պետք է լինեին։ Գործարանները գյուղացու հաշվին ստվերում են աշխատում։ Բնականաբար, գործարաններին ավելի ձեռք է տալիս Պարսկաստանից կամ Բուլղարիայից սպիրտ ձեռք բերել, քան թե մեր գյուղացուց խաղող գնել։ Սա է գաղտնիքը»։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: