Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարման հարցը «չհասավ» վարչապետին. «Իմ քայլը» հիշեց Գեւորգ Պետրոսյանին՝ «սուտ է տարածել»

Սեպտեմբեր 17,2020 10:34

Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության դրվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ նախագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Մինչեւ քվեարկելը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանի նախագահից հետաքրքրվեց՝ Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չի եկել, նա չպե՞տք է ներկա լիներ հարցի քվեարկությանը: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Նախարարը կապ է հաստատել իմ հետ. ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Նրան գործից կտրելն այս սեպտեմբերյան օրերին համարել եմ ոչ նպատակահարմար»:

Ապա «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց երեկ հարցի քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանի մասին արված ակնարկը, դրան հաջորդած քննարկումները եւ գրառումները. «Դրանք որակում ենք ոչ կոռեկտ եւ բարեկրթության սահմաններն անցնող: Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում: Նա աչքի է ընկել տրանսգենդերների հետ կրթության նրբությունները քննարկելով: Միանալու ենք «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը»:

Այնուհետեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Ամիսներ շարունակ սուտ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատական տալիս առաջնահերթ պետք է գնահատական տան կոնկրետ մի պատգամավորի՝ Գեւորգ Պետրոսյանին, ով առհասարակ որեւէ բարեկրթության նորմ չի պահպանում՝ տարածելով սուտ եւ կեղծ տեղեկատվություն»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ նախագծին «կողմ» քվեարկեց 35, եւ «դեմ»՝ 84 պատգամավոր. որոշումը չի ընդունվել:

Լիլիթ Մակունցի խոսքերին արձագանքեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը. «Գեղեցիկ չէ գործընկերների մասին կարծիք հայտնելը, երբ քննարկվող հարցը ոչ մի առնչություն չուներ Գեւորգ Պետրոսյանի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930