Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմությունը փոփոխության երաշխիք չէ

Սեպտեմբեր 17,2020 10:00

Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության եւ այդ առիթով ԱԺ իշխանական խմբակցության քվեարկության կապակցությամբ շատերն այս օրերին հիասթափություն են հայտնում: Ըստ որում՝ հիասթափվածների մեջ մեծամասնություն են կազմում ոչ թե «ռեւանշիստները» կամ նախորդ իշխանության փոքրաթիվ երկրպագուները, այլ նրանք, ովքեր ձայն են տվել «Իմ քայլին» եւ ավելին՝ պայքարել են հեղափոխական ճակատներում: Այդ՝ բավականին մեծ խմբի տրամաբանությունն, ըստ երեւույթին, հետեւյալն է. քանի որ խորհրդարանը եւ, մասնավորապես, քաղաքական մեծամասնությունն ընտրվել է օրինական ճանապարհով, դա ինքնին երաշխիք է, որ իշխող խմբակցության մեջ կլինեն արտակարգ բարոյական, ինտելեկտուալ եւ քաղաքացիական որակներ ունեցող մարդիկ, որոնք կընտրեն նույն որակներով օժտված ՍԴ դատավորներ:

Բայց ակնհայտ է, որ իշխանության լեգիտիմությունը չի ենթադրում, որ երկնքից իջնելու են հրեշտակատիպ պատգամավորներ եւ դատավորներ. դա ընդամենը խթաններից մեկն է, որ անցկացվեն համակարգային փոփոխություններ, որոնք փոխելու են հասարակական հարաբերությունների բովանդակությունն ու որակը: Ձեռնտո՞ւ են արդյոք իշխանություններին այդ փոփոխությունները՝ դժվար թե: Անկախ նրանից՝ կառավարման համակարգը նախագահական է, թե վարչապետական, երկրի առաջին դեմքն իրեն շատ ավելի կոմֆորտային վիճակում է զգում, երբ խորհրդարանում ունի 88-90 հոգի, որոնք բոլոր հանգամանքներում եւ, անկախ իրենց անձնական նախասիրությունից, «կոճակ են սեղմելու» այնպես, ինչպես այդ ղեկավարն է հրահանգում: Սա, իհարկե, Առաջին, Երկրորդ կամ Երրորդ նախագահի վրայով կարված սահմանադրությունների պատճառով է, եւ, ի դեպ, որեւէ երաշխիք չկա, որ նոր սահմանադրությունը չի կարվելու ներկա ղեկավարի հագով:

Բայց համակարգային խնդիրները միայն սահմանադրությամբ կամ այլ օրենքներով չեն պայմանավորվում: Ասելով «համակարգ», մենք նկատի ունենք նաեւ հասարակության հոգեբանությունը եւ քաղաքական մշակույթը: ԱՄՆ գեներալ, Վիետնամի պատերազմի վետերան Քոլին Փաուելն իր գաղափարներով, անցած ճանապարհով, իր նախկին պետական ծառայությամբ հանրապետական է, բայց այժմ ամեն ինչ անում է, որ այդ կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը չվերընտրվի: Բայց ոչ ոք գեներալին չի կանչում Վաշինգթոնի «Մելիք-Ադամյան» կամ «Սայաթ-Նովա» փողոց, որ նրանից հաշիվ պահանջի, թե «այդ ի՞նչ ես ասում, ի՞նչպես ես համարձակվում, կարո՞ղ է՝ ծախվել ես Բայդենին»:

«Կուսակցական կարգապահության», ստորաքարշության, շողոքորթության ավանդույթը գալիս է խորհրդային շրջանից, եւ այն փոխելու համար մեկ արդար ընտրությունն ակնհայտորեն բավարար չէ: Եվ այդ առումով ամենեւին էլ զարմանալի չէ, որ այն դատավորները, որոնք ծառայում էին Քոչարյանին եւ Սարգսյանին, հիմա էլ ծառայելու են Փաշինյանին: Ճիշտ նույնն է արել եւ անելու խորհրդարանական մեծամասնությունը՝ ոչ թե որպես լավ կամ վատ անձանց հավաքածու, այլ՝ որպես ինստիտուտ: Նույնն են նաեւ քննչական մարմինները, որոնք գտնում են, որ խուլիգանությունն, իհարկե, վատ բան է, բայց երբ դա անում է իշխանավորը, դա վերջինիս ծայրահեղ հուզմունքի արտահայտությունն է:

…Քանի՞ օրինական ընտրություն է պետք, որ ոստիկանները դադարեն «խորհրդային միլիցա» լինել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «կոճակ սեղմող»ները, Աժի պատգամաւորները չեն,
    այլ՝ քուէարկողները.
    որոնք փութացին կուրօրէն իրենց քուէները տալու, առանց նայելու թէ ո՞վ են թեկնածուները

    իսկ ամէն պարագայի, չկայ աշխարհում – Արեւմուտքը ներառեալ – որեւէ երկիր, «խորհրդարանային ժողովրդավարութեան» պետական համակարգով, ուր իշխանութեան տիրացած կուսակցութեան պատկանող խորհրդարանի անդամները միաբերան չեն քուէարկեր, երբ որ այդպէս ուզէ կառավարութիւնը. առանց որ վերջինս իր այդ կամքը արտայայտելու կարիքը իսկ ունենայ.

    այդ գետնի վրայ սակայն, Հայաստանի յատուկ խնդիրը այն է որ ԱԺ-ում իշխանական մեծամասնութիւնը, ժողովրդավարական նորմերուն համեմատ, արտակարգ չափով խոշոր է. եւ դեռ դիմացն ել, տառացիօրէն նուազագոյն չափի (Սահմանադրութեան պարտադրած) Ընդդիմութիւնը, իսկական չէ.

  2. Իրատես says:

    Ոստիկանությունը չի փոխվի, քանի դեռ մաս է կազմում կենտրոնական իշխանության ուղղահայաց բուրգի։ Այդ բուրգից դուրս են ՏԻՄ-երը, շնորհիվ այն մանդատի, որ ստանում են իրենց համայնքի բնակչությունից։ Եվ ՏԻՄ-երը կարողանում են կենտրոնական իշխանությանը ասել ոչ շնորհիվ այդ մանդատի։ Վերջին սահմանադրական փոփոխությունները թողեցին ընդամենը մեկ համապետական ընտրություններ։ Իսկ պետք էր հակառակը անել։ Առաջիկա սահմանադրական փոփոխությունները սահմանադրության հիմնական արատները շրջանցելու են։ Այնպես որ պետք չէ սպասել լուրջ և հիմնավոր փոփոխությունների։ Ինչ մնում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ստալինը շատ ավելի խիստ և դաժանորեն էր պայքարում կոռռւպցիայի դեմ քան Նիկոլ Փաշինյանը։ Բայց քանի որ պայքարը ինստիտուցիոնալ չեր՝ «գայկեքը» թուլացնելուց հետ ամեն ինչ վերադարձավ իր տեղը։ Կոռուպցիային պետք չէ շտապել հրաժեշտ տալ՝ այն վերադառնալու է ճիշտ նույն պատճառով։

  3. Ruben says:

    Եթե չլինեին սպանությունների շարքը Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք, մի գուցե մենք այսօր կունենաինք պետության ինքնիշխան քաղաքականություն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/16/1135206/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930