Ռուսաստանի դեսպանատնից «Хотим в Россию» նախաձեռնության անդամներին համոզում են, թե մենք կապ չունենք փակ սահմանների հետ, ձեր ղեկավարությունը պետք է լուծի այս հարցը:
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ մեր կառավարությունը քայլեր չի անում՝ Ռուսաստանի սահմանները բացելու հարցի շուրջ: Կոնկրետ երեկ մենք տեղեկություն ենք ստացել Ռուսաստանի դեսպանատնից, զանգել ենք, նրանք մեզ պատասխանել են, որ մենք կապ չունենք, ձեր ղեկավարությունը պետք է լուծի այս հարցը: Մենք ոչ մի բան չենք կարող անել, ձեր ղեկավարությունը պետք է դիմի, բանակցի, ձեր ղեկավարությունն է որոշողը»,- երեկ Ազգային ժողովի մոտ Ռուսաստան մեկնել ցանկացողների ցույցի մասնակիցներից Վարդան Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես բացատրեց իրենց քայլը՝ կրկին ցույցի դուրս գալու:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱԺ-ի մոտ ցույցն ավարտվել էր շատ ջերմ մթնոլորտում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ պայմանավորվածությամբ, որ պետք է մեկ ամիս համբերեն, մինչեւ բանակցությունների արդյունքում Հայաստանի համար նման հնարավորություն ձեռք բերեն: Բայց երեկ նրանք նորից նույն կազմով, ցուցապաստառներով հավաքվել էին:
Ցուցարարների խոսքով՝ ոչ մի տեղաշարժ չկա. «Մենակ լսում ենք խոստումներ, ոչ մի փաստ չեն տրամադրում, որ բանակցում են: Ո՞ր փուլում են բանակցությունները, եթե կա: Եթե հասկանանք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում, մենք մեզ չենք կոտորի, չենք գա արեւի տակ սոված կանգնենք»: Դիտարկմանը, որ ելքը կա, մուտքը Ռուսաստանը փակել է, այդ երկիրը չի թողնում, որ դուք մտնեք իր երկիր՝ նրանք արձագանքեցին. «Մենք իրավունք չունենք դիմել Ռուսաստանին, Պուտինին, ասենք՝ բացեք սահմանները, մենք մեր ղեկավարությունից ենք պահանջում: Հազարավոր ընտանիքներ են, Հայաստանի սոցիալական վիճակը բարելավելու համար պետք է գնանք, սա գլոբալ հարց է»:
Կարդացեք նաև
Ցուցարարի խոսքով՝ երեկվա դրությամբ պարոն Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի հետ բացում է սահմանները, մի՞թե մեր կառավարությունը չի կարողանում աշխույժ բանակցել, մեր հարցն էլ լուծել. «Ընտանիքներ կան, 7 ամսից ավելի երեխաներն այնտեղ են, ծնողները՝ այստեղ, այդքան ամիս հարկադրաբար զրկել են իրենց ընտանիքներից, պետք է անհապաղ այս հարցը լուծեն»:
Ցուցարարները մտադիր են երթեր կազմակերպել, բողոքի ցույցը շարունակել նաեւ կառավարության մոտ:
Մեկ այլ ցուցարար՝ Դիանա Բախշյանն ասաց. «Հազար հատ պրոբլեմ ունենք, թող այդ հարցը լուծեն, արդեն այ ստեղ հասցրեցին: Բարեկամների տանն եմ մնում: Ես այստեղի աշխատավարձով չեմ կարա բնակարան վարձեմ, երեխա պահեմ, ուղղակի անհնարին բան է: Մի ամսվա համար դպրո՞ց տեղավորեմ; Ռուսաստանում տղա ունեմ, ինքնահոսի մեծանում է, հետո՞: Ես ամեն ամիս հույս եմ փայփայում որ այսօր կբացվի, վաղը կբացվի: Հունվարին եկել եմ փաստաթղթերի համար ու մնացի: Եթե ես այստեղ հարազատ չունենայի, անձամբ ինքս բնակարան չունեմ, բարեկամի տանն եմ մնում, բա մնացա՞ծը»:
Ցուցարարներից Նազիկ Արաբյանն էլ ասաց. «Ընտանիքների մասնատման խնդիր է, ժողովուրդ, ընտանիքներ են քայքայվում այստեղ: Բաժանության խնդիրներ են գնում արդեն, մեկի ամուսինը զանգել է, ասում է՝ էլ պետք չի, մնա ըտեղ, մի արի: Կին կա, որ ամուսնու հետ երեխեքին թողել է, մնացել է այստեղ, ես կոնկրետ հիվանդ ամուսին եմ թողել անկողնում, 10 օրով եկել եմ ու մնացել: Մենք ընկերուհի ունենք, որ այսօր 100 դրամ չուներ, որ գար մեր հետ միտինգի մասնակցեր: Փողոցում է մնացել երեխայի հետ, մի տատիկ տեսել է լաց է լինում նստարանի վրա, ասել է՝ վա՞տ ես զգում, պատմել է, որ քնելու տեղ չունի, տարել է իր հետ Փարաքար: Այս վիճակն է մարդկանց մոտ: Մենք աշխատանք ունենք այնտեղ, այսօր մեր աշխատանքը փլուզման եզրին է: Մեր մոտ արդեն հուսահատություն է, մենք հասկանում ենք, որ կառավարությունը ոչինչ չի ուզում անել, սա ուղղակի քաղաքականություն է: Միայն փափուկ բարձ դնելով չի, մենք հավաքվելու ենք անընդհատ ու խնդրենք»:
Մեկ այլ ցուցարար միջամտեց. «Ի՞նչ խնդրել: Հիմա խնդրել չի, մենք պահանջում ենք հիմա: Մենք էն ժողովուրդն ենք, որ իրեն ենք ընտրել, բայց ինքը մեզ կանգնացրել է էս փաստի առաջ: Մենք պահանջում ենք, պարո՛ն Փաշինյան, դո՛ւրս եկեք, խոսացեք, բանակցե՛ք Ռուսաստանի հետ եւ բացեք սահմանը»:
Ցուցարարներն ասում էին, որ ժամանցի ու ման գալու չեն գնում. «Մենք մեղավոր չենք, որ կյանքը այնպես է դասավորվել, որ 10-20 տարի առաջ հայտնվել ենք Ռուսաստան: Մարդիկ խի՞ են գնացել, որովհետեւ զզվել են նախկին կառավարություններից, ծայրահեղ քայլերի են գնացել, մեկը տուն է ծախել, մեկը՝ այլ բան: Տուն ենք ստեղծել, աշխատանք ենք ստեղծել, հիմա ուզում են էդ ամեն ինչը թողնենք հե՞տ գան»: Մեր դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունների ձեռքում չի այդ հարցի լուծումը՝ նրանք հակադարձեցին. «Իրենց ձեռքում է: Մենք գնում ենք ՌԴ դեսպանատուն, մեզ ասում են՝ о чем речь? Вы понимаете у вас карантин? Իսկ այստեղ ասում են՝ կարանտինը կապ չունի: Մարդու իրավունքները խախտում է ՀՀ կառավարությունը, ստիպողաբար ինձ պահում է այստեղ: 4 ամիս ես ո՞ւմ հաշվին ապրեմ, ուրեմն թող կառավարությունը ինձ տրամադրի բնակարան ու ապրելու միջոցներ, ես չեմ պատրաստվում 2000 դրամով գնամ աշխատեմ այստեղ»:
Ցուցարարները հավատացած են, թե իշխանությունները դիտավորյալ չեն բանակցում, որ իրենց ստիպողաբար պահեն Հայաստանում, հանկարծ արտագաղթ չլինի. «Մեզ քանի ամիս ստիպողաբար ստրուկի կարգավիճակում պահում են: Քանի կար, ասում էին՝ նախկին կառավարությունն է ստրուկի պես մեզ պահել, հիմա ինքն է մեզ ստրուկի պես պահում: Ինձ հետաքրքիր չի՝ թող բանակցեն: Մենք ԵԱՏՄ-ի մե՞ջ ենք, եթե չեն կարողանում բանակցել, թող դուրս գան ԵԱՏՄ-ից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2020