Հարցազրույց քանդակագործ Գեղամ Բեկջանյանի հետ
– Վերջին մեկ-երկու տասնամյակում մեզանում կարծես «ավանդույթ» է դարձել՝ որեւէ քանդակ կամ արձան տեղադրելուց հետո սկսվում են քննադատական կարծիքները, հատկապես՝ ֆեյսբուքյան տիրույթում։ Այս առիթով բացառություն չէր 2019թ. Վանաձորում տեղադրված ձեր հեղինակած Զորավար Անդրանիկի արձանը։ Մեզ հայտնի են Արա Շիրազի, Ռաֆիկ Սարգսյանի՝ Երեւանում, այլ քանդակագործների Զորավարին պատկերող քանդակները հայաստանյան մարզերում, ինչպես նաեւ խորհրդային տարիներին Ուջանում տեղադրված Միքայել Ավետիսյանի՝ Զորավարին ներկայացնող աշխատանքները։
– Համաձայն եմ ձեր դիտարկմանը։ Ես արձանը համեմատում եմ գինու հետ։ Ասում են, չէ՞, գինին որքան հնանում է, այնքան արժեքը բարձրանում է։ Ինչ վերաբերում է իմ «Զորավար Անդրանիկին», արձանի բացման օրը բազմաթիվ շնորհավորանքներ ստացա։ Իսկ մեկ-երկու արվեստագետներ էլ Ֆեյսբուքում մի քանի «լայքեր» կորզելու կամ իրենց անձը կարեւորելու, ինչու ոչ՝ փառաբանելու նպատակով, սկսեցին անտեղի բացասական կարծիքներով հանդես գալ։ Դե, գիտեք, մեր ժողովրդի մի մասն էլ պատրաստ է նման շոուների։ Իսկ այդ աշխատանքով ես մասնակցել եմ հայտարարված մրցույթին, որտեղ հանձնախմբի անդամները, այդ թվում՝ ճարտարապետներ, իրենց «դաբրոն» են տվել։
– Սա ձեր երկրորդ՝ շուրջ 8 մետրանոց, բրոնզաձույլ «Զորավար Անդրանիկ»-ն է, իսկ առաջինը, եթե չենք սխալվում, շուրջ 3 տարի առաջ Տաշիրի շրջանի Մեծավանում տեղադրված կիսանդրին է։ Կարելի՞ է ենթադրել, որ դուք՝ որպես երիտասարդ արվեստագետ, որոշել եք կարիերայի սկզբում ներկայանալ բացառապես նման մեծություններին ներկայացնող արձաններով։ Եվ հետաքրքիր է՝ լայն քննարկման առարկա դարձած խոսակցություններից դուք չե՞ք ընկճվում կամ հիասթափվում։
– Նախ ասեմ, որ Զորավարի երկու աշխատանքներին ձեռնամուխ լինելը կանխամտածված չէր, հավանաբար պետք է հենց այդպես էլ լիներ. նախ կիսանդրին, հետո էլ ոչ թե 8՝ ինչպես դուք նշեցիք, այլ պատվանդանով 7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանը։ Այս պահին հիշեցի ժամանակին Կարապի լճի մոտ տեղադրված Դավիթ Բեջանյանի «Առնո Բաբաջանյան» արձանի շուրջ ծագած մեծ աղմուկը։ Իսկ հիմա այդ նույն արձանը Երեւանի սիմվոլներից մեկն է։ Անցյալ տարի, երբ մասնակցում էի Հայաստանում անցկացվող միջազգային սիմպոզիումին, օտարազգի մասնակից հյուրերը հիացմունքով էին արտահայտվում Բեջանյանի աշխատանքի մասին։ Իսկ ես դեռեւս գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին ականատեսը եղա, թե ինչպես մի զբոսաշրջիկ երկու ձեռքով շոյում էր այդ արձանը։ Երանի մենք էլ նման վերաբերմունք ունենանք բարձրարվեստ քանդակների, արձանների հանդեպ։ Ինչ վերաբերում է կարծիքներին, ես շնորհակալ եմ դրական կարծիքների համար, բայց նաեւ ընդունում եմ ու մտորում բացասականների շուրջ։ Ոչ, երբեք չեմ ընկճվում, առավել եւս՝ հիասթափվում։ Նշեմ, որ իմ դեպքում բազմաթիվ դրական արձագանքները մի կողմ են շպրտել բացասականները։ Ի դեպ, բացասական կարծիքների ճնշող մեծամասնությունը հնչել է արձանի տեղադրումից հետո՝ ոչ պրոֆեսիոնալ արված լուսանկարների պատճառով։ Ի վերջո, ժամանակին քննադատել են այնպիսի մեծությունների աշխատանքներ, ինչպիսիք են Ռոդենը, Երվանդ Քոչարը… Օրինակ, ես Քոչարի «Սասունցի Դավիթ» ձիարձանը համարում եմ աշխարհում այդ ժանրի աշխատանքների լավագույններից մեկը։ Բայց գիտենք, չէ՞, 1959թ. տեղադրելուց հետո այդ ձիարձանը ինչքա՜ն քննադատություններ է «լսել»։ Կրկնում եմ. արձանը համեմատում եմ գինու հետ՝ որքան հնանում է, այնքան արժեքը բարձրանում է։
– Մեր տեղեկություններով՝ ձեռնամուխ եք եղել նոր աշխատանքի։
– Դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Միայն ասեմ, որ սիմվոլիկ արձան է լինելու։ Դարձյալ կուզեի խոսքս շարունակել ընդհանրապես քանդակների հանդեպ մարդկանց գնահատանքի մասին խոսելով։ Հայաստանում վերջին երկու տասնամյակում տեղադրված արձաններից յուրաքանչյուրն իր սեփական պատմությունն ունենալուց բացի, ունեն մեկ ընդհանուր ճակատագիր։ Հիմա ասեմ՝ ինչը նկատի ունեմ. մեր ժողովրդի գերակշիռ մասը արձանը գնահատում է համեմատելով վաղուց ծանոթ լուսանկարի հետ, այսինքն՝ արձանը պետք է լինի լուսանկարի պատճենը։ Մինչդեռ քանդակագործությունն ունի իր խնդիրները, օրինակ, հնարավորինս հստակ շեշտադրել տվյալ կերպարին հատուկ, ասենք՝ բնավորության գծերը, որ դիտողը հնարավորինս շատ տեղեկություն ստանա։ Ես իմ օրինակով ասեմ: Ինձ մեկ-երկու հոգի դիմեցին՝ ասելով, թե ինչո՞ւ չեմ օգտագործել Զորավար Անդրանիկի հայտնի այն լուսանկարը, որտեղ նա նստած է, այսինքն՝ այդ նկարը չեմ դարձրել քանդակ։ Սա պարզունակ մտածողություն է, քանդակը միայն արձան չէ, այլ «մեսիջ» ապագա սերնդի համար։ Ախր քանդակը փիլիսոփայություն է…
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2020