Միջնորդները առարկայական բանակցություններ են ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Շտեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություն են անցկացրել, որին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ըստ համանախագահների տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումից հետո տեղի ունեցած զարգացումներին: «Համանախագահները հետեւողականորեն ուսումնասիրել են կողմերի անձնական եւ հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը համանախագահներին տեղյակ է պահել տեղում տիրող անվտանգության վիճակի մասին, իսկ նրանք էլ ողջունել են մշտադիտարկումը վերականգնելու կոնկրետ նախապատրաստական աշխատանքները», ասվում էր հաղորդագրությունում: Ամփոփելով՝ միջնորդները նշում էին, որ առանձին-առանձին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ ու հրավիրել անհատական հանդիպումներ ունենալ համանախագահների հետ՝ լուրջ առարկայական բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու նպատակով:
Կարդացեք նաև
Այսպիսով, միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներից առարկայական բանակցություններ են ակնկալում: Ըստ ամենայնի, նրանք համարում են, որ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն իսկ տիրապետում է գործընթացին ու կարող է մասնակցել բանակցությունների: Նրանից Ադրբեջանի նախագահն ակնկալելու է ավելի կոշտ ու «հարձակողական» դիվանագիտություն: Դա են վկայում պաշտոնական Բաքվի վերջին ամիսների հայտարարություններն ու քայլերը:
Այնպես որ, պաշտոնական Երեւանի համար առաջիկա բանակցությունները հեշտ չեն լինելու:
Իրանը կայունություն է ուզում, Ադրբեջանը «փորձում է ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել»
Ի դեպ, օրեր առաջ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Նրանք քննարկել էին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»։
Հարեւան Իրանը, որը տարածաշրջանային կայունության ամենաշահագրգիռ կողմերից է, թերեւս ամենալավն է պատկերացնում, տեսնում եւ հաշվում Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Պարզվում է, Ադրբեջանը փորձում է ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել նոր կեղծ տեղեկատվությամբ՝ նշելով, թե իբր «հայկական զինված ուժերը դարձյալ փորձում են սրել իրավիճակը սահմանագոտում» եւ «կրակ են բացել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ»:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմն է փորձում ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել։ Ըստ «Ազատության»՝ Շուշան Ստեփանյանը պարզաբանել էր. «Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, ինչը բնականաբար չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կասեցնում են նման փորձերը` միաժամանակ ձեռնարկելով համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար: Այս պահին սահմանի իրավիճակը կայուն վերահսկելի է»:
«Հայկական կողմը որեւէ գյուղի ուղղությամբ կրակ չի բացել»,- հավելել էր Շուշան Ստեփանյանը՝ նաեւ փոխանցելով, որ վերջին օրերին բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. «Թիրախային կրակոցներ բնակավայրերի ուղղությամբ չեն արձանագրվել: Դիրքերի ուղղությամբ փոխհրաձգություն լինում է պարբերաբար, բայց ոչ նպատակային կրակ»:
Եգիպտոսում ներկայացվել է Անկարայի ու Բաքվի ագրեսիվ ու ապակայունացնող քաղաքականությունը
Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում էր գտնվում, որտեղ այդ երկրի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում եւ Արեւելյան Միջերկրականում, եւ արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ, պատասխանել էր. «Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի եւ շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին եւ հայ ժողովրդին, որն արտահայտվեց ե՛ւ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, ե՛ւ գործողություններով»:
Ապա` Մնացականյանը հավելել է. «Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանն ուղղված ջանքերը»:
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել էր, որ Հայաստանը վճռական է իր պաշտպանության մեջ, եւ ժխտում է ուժի դրսեւորման, ագրեսիվ եւ ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է եւ ապակայունացնող: «Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արեւելյան Միջերկրականից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք, ինչպես նաեւ Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենեւին էլ ողջունելի չէ»,- նշել էր Մնացականյանը:
«Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու»
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Հայաստանի ԱԳ նախարարը Եգիպտոսում հայտարարել էր հետեւյալը. «Մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարեւոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը եւ մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը եւ կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարեւորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը»:
Նա շեշտել էր, որ հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը «պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը»: Մնացականյանը հավելել էր. «Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկությունները, պատմությունը, նրբությունները եւ կարեւոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում: Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, եւ դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, եւ հենց այդ վստահությամբ եւ ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որեւէ փորձ»:
Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս ավարտվում է սեպտեմբերի 15-ին: Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս երկրորդի հետ:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 16.09.2020