«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրն ասաց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մի քանի շաբաթից՝ չնայած արագացված ժամանակացույցի վերաբերյալ ԱՄՆ հանրային առողջապահության ոլորտի մի շարք պաշտոնյաների հնչեցրած նախազգուշացումներին
Խոսելով Ֆիլադելֆիայում ABC News- ի կազմակերպած հանդիպում-միջոցառմանը՝ Թրամփը պաշտպանեց կորոնավիրուսային ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր վարչակազմի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել զանգվածային կիրառմանը նախքան նոյեմբերի 3-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները:
«Մենք շատ մոտ ենք պատվաստանյութի ստեղծմանը: Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ապա նախկին վարչակազմին, թերևս, անհրաժեշտ կլինեին տարիներ պատվաստանյութ ստեղծելու համար FDA- ի և այլ հաստատումների պատճառով: Իսկ մեզ շաբաթներ են մնացել այն ստեղծելու համար: Մոտ երեք, չորս շաբաթ», – ասել է նախագահը:
Միջոցառմանը Թրամփը արձագանքել է մի շարք հարցերի կապված համավարակի դեմ իր վարչակազմի պայքարին՝ նշելով, որ Չինաստանի և Եվրոպայի համար ԱՄՆ-ի սահմանների փակման իր որոշումը փրկել է հազարավոր, եթե ոչ միլիոնավոր կյանքեր: Նա կրկնել է համաճարակի սկզբում արած իր այն պնդումն, ըստ որի վիրուսը կվերանա ինքնուրույն, և հերքել հիվանդության սպառնալիքի թերագնահատման մասին կարծիքը, երբ հանդիպման մի մասնակից հարց հնչեցրեց, թե ինչու է նախագահը նվազեցնում համավարակի նշանակությունը, երբ այն մեծ հարված է հասցնում հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և փոքրամասնությունների համայնքներին նախագահի պատասխանն այսպիսին էր:
Կարդացեք նաև
«Ես չեմ նսեմացրել դրա նշանակությունը: Իրականում, շատ առումներով, իմ գործողություններով ավելի շատ եմ կարևորել: Իմ գործողությունները շատ հստակ էին», – հայտարարեց նախագահ Թրամփը:
Նախագահն ընդգծեց, որ հասկանում է այն բոլոր մարդկանց ցավը, ովքեր կորցրել են հարազատների այս համավարակի ընթացքում և կիսում է դա:
«Ես ճանաչում էի մարդկանց, ովքեր հզոր, ուժեղ, լավ մարդիկ էին, սակայն այս հիվանդությունը նրանց չշրջանցեց և նրանք մահացան»,- նշել է նախագահ Թրամփը:
Նախագահը կրկին հույս հայտնեց, որ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի, որը զգալիորեն կօգնի համավարակի դեմ պայքարին: