Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում սեռական ոտնձգության զոհ դարձած 14-ամյա աղջիկը բազմանդամ ընտանիքից է, նրան գյուղում գիտեն որպես խելոք, խելացի ու լավ համբավ ունեցող երեխա:
Խնածախի գյուղապետ Անուշավան Հովհաննիսյանի տվյալներով, երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած երիտասարդի մասին նույնպես գյուղում վատ չեն խոսում, աշխատող երիտասարդ է, միակողմանի ծնողազուրկ:
«Գործը քննչականում է, քննություն է կատարվում, մեզ այլ տեղեկություններ հայտնի չեն, այդ տղան, որ մի քանի օր գյուղում մնար, գուցե ինչ-որ բան իմանայինք, բայց իրավապահներն առավոտ շուտ տարել են»,- ասաց գյուղապետը:
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը 2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ