ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի՝ իրենց պահանջին միացած աջակիցներին, ակտիվիստներին եւ քաղաքացիներին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ շենքի առջեւ նրանց հետ հանդիպմանը հայտարարեց. «Ուզում եմ ասել, որ հարցապնդումը քննարկվեց: Այն գրավոր՝ հարցերով ու պատասխաններով 100 էջից ավելի է: Այն կանոնակարգը, որ մենք ունենք այսօր՝ ժառանգած նախորդ ժամանակներից, այս իշխանությունը սրբությամբ պահում է, որ հարցապնդում ներկայացնելիս հնարավոր չլինի երկու րոպեից ավել հարց տալ եւ ընդհանուր հարցերի քանակը պետք է 20 րոպեն չգերազանցի: Գրավոր ինչ ներկայացվել է, եւ պատասխանները ԱԺ կայքում կախված են եւ ԶԼՄ-ները կարող են ծանոթանալ:
Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է կրթության նախարարին: Սակայն «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելով հանդերձ, չի կարող խորհրդարանի շենքից դուրս եղած բողոքի որեւէ ձայն չհնչեցնել խորհրդարանում: Մենք կարծում ենք, որ այս պահին Արայիկ Հարությունյանը կառավարման իր ոլորտում ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած, ամենից շատ խնդիր առաջացրած նախարարն է եւ նա պետք է հեռանա:
Վաղը կլինի քվեարկություն: Բնականաբար, այսօրվա ելույթներից պարզ էր, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Մեր առաջարկն այն է, որ նա իր կամքով հրաժարական տա, որովհետեւ նրա թիմակիցները մինչեւ վերջ պաշտպանելու են ցանկացած սխալ: Խորհրդարանում լինի խուլիգանական հարձակում՝ պետք է պաշտպանեն, Խորհրդարանում ինչ ապօրինություն լինի՝ պետք է պաշտպանեն: Բայց նա ունի այլընտրանք՝ ինքնուրույն հրաժարական տալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ