«Մեր հիմնական ուղերձն է՝ կամ իշխող թիմը կունենա կամք և վճռականություն լուծելու այդ հարցը, կամ ՀՀ քաղաքացիները կտանք իրեն տրամաբանական լուծումը և կշարժվեն այն ելակետից, որ իշխող ուժը չունի կամք լուծելու քաղաքական խնդիրներ»,- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագրով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց՝ սա սկզբունքային և տեսլականի պայքար է, սա ապագայի և անցյալի պայքար է, և այն իր տրամաբանական ավարտին պիտի հասցնեն:
Երթի կազմակերպիչները հայտնեցին, որ երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և ավարտվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության դիմաց: Ունենալու է խորհրդանշական ավարտ: Նրանք պարբերաբար հորդորում էին երթի մասնակիցներին դիմակները պատշաճ կրել և պահել սոցիալական հեռավորություն: Նրանք իրազեկում և հորդորում էին ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց պայքարին: Քրիստինե Վարդանյանը վստահեցրեց՝ կարևոր է, որ լինի հանրային համախմբում և միահամուռ ձևով քաղաքացին արտահայտի իր ձայնը:
Արձագանքելով Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ-ին ուղղված այն հայտարարությանը, թե կարելի է վերցնել դատախազությունից քրեական գործերի ցանկը, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերի անվանումները և ուղարկել Դաշնակցությանը, դա չի արել, քանի որ ժամանակին ՀՅԴ տուն էր գնացել. դադարեցրել ցույցերը, Քրիստինե Վարդանյանն ասաց.
Կարդացեք նաև
«Արայիկ Հարությունյանի հերթական հայտարարության ողջ սնանկությունը և փուչ լինելը ցույց տալու համար մի բան ասեմ իր վկայակոչումից: Նա որպես փաստ նշում է նախկինում չարաշահումների մասին եղած գործերը, որոնք ավարտված չեն և այդ ամենը վերագրում է քաղաքական մեկ պաշտոնյայի: Այդ դեպքում մենք կարող ենք կոռուպցիայի մեջ նույնչափ մեղադրել նրան, քանի որ փոխնախարարներից մեկը հիմա նույնանման գործով անցնում է: Մեկ այլ ասպեկտ կա, որ նախարարը կարծես քրեական գործերի մասին հիշում է այն ժամանակ, երբ բողոքի ալիք է բարձրանում: Սա օրենքի խախտում է: Վերահաստատում ենք, որ մենք որևէ ձևով կաշկանդված չենք: ՀՀ-ում օրենք խախտած բոլոր անձինք պիտի պատասխան տան, բայց դա ի՞նչ կապ ունի այս շարժման և իր կողմից վարվող ապազգային քաղաքականության հետ: Եթե նախարարի հաշվարկն այն է, որ այսպիսի անբովանդակ, ծիծաղ առաջացնող հայտարարություններով մեզ կարող է կաշկանդել, չգիտեմ, ինչպե՞ս չի հասկացել մինչև հիմա, որ դա չի աշխատում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ