Ազգային ժողովը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին քվեարկությունը անցկացնելու է վաղը:
Իրենց այս նախաձեռնությանը աջակցող քաղաքացիների, աջակիցների եւ ակտիվիստների հետ այսօր ԱԺ դարպասների առջեւ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց. «Վաղը կլինի քվեարկություն: Բնականաբար, այսօրվա ելույթներից պարզ էր, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Մի բան արձանագրենք: Այդքան ասում են՝ սուտ է, կեղծ քարոզչություն է իրականացվում մեր դեմ եւ այլն: Եվ եթե 88 հոգանոց խմբակցությունը, որը պատմության մեջ աննախադեպ է, չի կարողանում սուտ հերքել, եթե, իհարկե, սուտ բան կա, ուրեմն այդ խմբակցությունը ի՞նչ անելիք ունի: Եթե նախարարը մի ամբողջ սուպերնախարարության հետ չի կարողանում սուտ հերքել, ուրեմն այդ նախարարը պետք է հրաժարական տա»:
Հարցին, թե առանձին ոլորտը տապալելու համար մեղավորը տվյալ նախարա՞րն է, թե՞ ամբողջ կառավարությունը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ամեն ոլորտ իր նախարարն ունի եւ նախարարներն աշխատելու համար ունեն շատ մեծ ազատություն: Հետեւաբար, նախարարից շատ բան է կախված»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ